«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ծեծի ենթարկելու հրամանը վերեւի՞ց է տրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 31-ին հայ հանրությունը ցնցվեց Արցախից ստացված լուրից: ԼՂՀ ոստիկանությունը Բերձորի հատվածում կանգնեցրել էր Ստեփանակերտ ուղեւորվող «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ավտոշարասյունը, մասնակիցների նկատմամբ դաժան բռնություն կիրառելով՝ ստիպել ետ շրջվել եւ վերադառնալ Երեւան: Հարձակված անձինք չէին խնայել անգամ կանանց եւ երեխաներին:

ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար: Ակնհայտ է, որ հրամանը տրվել է ամենավերեւից: Թերեւս այդ մարդը, ով էլ նա լինի, հաստատ ուղեղով չի մտածել: «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները ֆիզիկապես տուժել են, քանի որ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց կկազդուրվեն:

Իսկ տեղի ունեցածի քաղաքական հետեւանքն այլեւս հնարավոր չի լինի շտկել: Մեկ հրամանով ջուրը գցվեց հայկական կողմի 23 տարվա՝ Արցախը ժողովրդավարական երկիր ներկայացնելուն միտված աշխատանքը:

Ի՞նչ են ցանկացել ապացուցել ավտոերթի մասնակիցների վրա հարձակվողները, որ իրենք մարդ ծեծելու գործում վարպետացե՞լ են, թե՞ որ իրենք պատրաստ են հոշոտելու ընդդիմադիր հայացք ունեցողներին: «100-ամյակն առանց ռեժիմի», կամ նույն է թե՝ «Նախախորհրդարան», կամ այժմ արդեն իրենց «Հիմնադիր խորհրդարան» ներկայացողների նախաձեռնությունն արդեն երկու տարուց ավել է, ինչ գոյություն ունի, բայց միեւնույն է՝ Հայաստանի հանրության շրջանում այն երբեք լայն արձագանք չի գտել: Եթե այս նախաձեռնության անդամների վրա հարձակումները չլինեին, ապա այն հանրության ուշադրությանը երբեւէ չէր էլ արժանանա:

Թերեւս պետք է արձանագրել, որ Բերձորում կատարվածի հրաման տվողը սովորական հանցագործ չէ, այլ պետական դավաճան»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս