ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԸ ԿՎԵՐԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր սահմանամերձ գյուղն է, Նոյեմբերյանից գտնվում է 37, Իջեւանից` 60 կմ հեռավորության վրա: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել. 1980-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, հիմա գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 35 երեխա: Միջնակարգ դպրոցի շենքն էլ վատթար վիճակում է, նորոգման կարիք ունի: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը 2010թ.-ն հայտարարել էր Բարեկամավանի տարի, ինչի շրջանակներում արված միակ միջոցառումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղին տրված աշնանացան ցորենն էր, որը ցանվեց մի քանի տասնյակ հեկտարի վրա, եւ  բերքը բաժանվեց բարեկամավանցիներին: Իսկ գյուղը շարունակեց մնալ իր բազում հոգսերի հետ՝ խմելու եւ ոռոգման ջրի, արոտավայրերի պակասի, բնական գազի, աշխատատեղերի բացակայության եւ այլն:

Հուլիսի 16-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզ իր այցելության ընթացքում կրկին եղել է Բարեկամավանում: Մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է. «Ա. Գեւորգյանը եղավ սահմանամերձ Բարեկամավան համայնքում, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի խմելու ջրագիծը` բարելավելով երկու թաղամասի ջրամատակարարումը: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 20 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ համայնքն ապահովել գազամատակարարմամբ. հրատապ երրորդ ծրագրով գազատարի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 6.2 մլն դրամ: Համայնքում բարձրացվեց վթարային դպրոցի ամրացման եւ համայնքային կենտրոնի շենք ունենալու հարցը: Քննարկվեցին դպրոցի սեյսմակայունության բարձրացման, վերանորոգման, ինչպես նաեւ առկա շենքային պայմաններում համայնքապետարանի տեղակայման հնարավորությունները»:
«Ժողովուրդ»-ին զանգահարած բարեկամավանցի տրակտորիստ Հրաչիկ Վիրաբյանը խիստ անհանգստացած էր: Նա ասաց, որ խոսում է գյուղամիջից, ուր հավաքված են զայրացած համագյուղացիները: Հ. Վիրաբյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային հողերը խոշորացվել են: Այդ կերպ Շլորկուտ սարում գտնվող, Բարեկամավան համայնքի կողմից օգտագործվող 120 հա խոտհարքը տրվել է Ջուջեւան համայնքին: Բարեկամավանցիներն ասում են, որ գյուղում խոտհարք եւ արոտավայր գրեթե չի մնացել, Բարեկամավանում սահմանային դիրքերի կառուցապատման ժամանակ իրենք կորցրել են եղած արոտավայրերն ու խոտհարքները: Շլորկուտ սարում 120 հա խոտհարքը նրանց հնարավորություն էր տալիս իրենց անասունների համար ձմեռվա կեր կուտակել:
Բարեկամավանցիները մտահոգ են, որ ինչ-որ մի անհատ կամ ընկերություն կարող է երկարաժամկետ պայմանագիր կնքել եւ 20-25 տարով վարձակալությամբ վերցնել Շլորկուտ սարում գտնվող 120 հա խոտհարքը: Նրանք այդ մտահոգությունը հայտնել են գյուղ այցելած ՏԿՆ Արմեն Գեւորգյանին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել, որ բարեկամավանցիները կադաստրային գնից կրկնակի էժան կարողանան սեփականաշնորհել այդ խոտհարքները: Փոխվարչապետի մեկնելուց մեկ օր անց, սակայն, ճշտվել է, որ Շլորկուտ սարում 1 հա խոտհարքի սեփականաշնորհման գինը կազմում է 2000 դոլարին համարժեք գումար: Բարեկամավանցիները, ապրելով ծանր պայմաններում, մի կերպ լուծում են օրվա հացի խնդիրը: Նրանք ասացին, որ չեն կարող նույնիսկ դրա կեսը՝ հեկտարի հաշվով 1000 դոլարին համարժեք գումար մուծել եւ խոտհարքները սեփականաշնորհել:
«Եթե այդ 120 հեկտար խոտհարքը մեր ձեռից ընկնի, Բարեկամավանը՝ որպես գյուղ, կվերանա»,-համագյուղացիների անունից ասաց Հրաչիկ Վիրաբյանը:
Ադրբեջանն իր սահմանամերձ գյուղերի համար կենցաղային լավ պայմաններ է ստեղծում, դրանց բնակիչներին զանազան արտոնություններ շնորհում, իսկ մեր սահմանագոտու բնակիչներն ապրում են՝ հոգսերի տակ կքած: Մի՞թե  մեր իշխանությունները չեն գիտակցում, որ հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի թիկունքը գյուղացին է, որ գյուղացին արտագաղթի, ի՞նչ է լինելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս