Լիտվինենկոյի այրին պատմել է իր ամուսնու և Պուտինի միջև հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով Լոնդոնում բաց լսումների ժամանակ նրա այրին` Մարինան, պատմել է Ռուսաստանից նրանց փախուստի, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ամուսնու համագործակցության ու նրանց կյանքում Բորիս Բերեզովսկու դերակատարության մասին:

Մարինա Լիտվինենկոն հաստատել է, որ իր ամուսինն ու Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի պատճառով հակամարտություն են ունեցել, չնայած անձամբ հանդիպել են միայն մեկ անգամ` 1999թ. Պուտինին Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) նոր ղեկավար նշանակվելուց հետո:

Նրա խոսքերով` Պուտինը քննադատել է Լիտվինենկոյին ու նրա ընկերներին` ԴԱԾ-ում կոռուպցիայի դեպքերը թաքցնելու նրա ընկերների փորձերի համար:

Իսկ Լիտվինենկոն իր հերթին մեղադրել է Պուտինին այն բանում, որ վերջինս համալսարանում ուսուցման տարիներին արդեն եղել է ԿԳԲ-ի տեղեկատուն, իսկ ավելի ուշ Սանկտ-Պետերբուրգի ադմինիստրացիայում հովանավորել է տեղի հանցավոր խմբավորումներին, իսկ այնուհետև, դառնալով Բորիս Ելցինի իրավահաջորդը, ամեն ինչ արել է, որ պահպանի պետության վրա հատուկ ծառայությունների վերահսկողությունը:

Հիշեցնենք` Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006թ. նոյեմբերի 23-ին պոլոնիա-210 ռադիոակտիվ նյութից թունավորման հետևանքով: Ռադիոակտիվ նյութն ավելացված է եղել թեյի մեջ, որը Լիտվինենկոն խմել է ԴԱԾ նախկին աշխատակիցներ Անդրեյ Լուգովոյի ու Դմիտրի Կովտունի հետ:

Բրիտանական կողմը Լիտվինենկոյի մահվան մեջ մեղադրել է Ռուսաստանին, սակայն Մոսկվան հերքում է այս մեղադրանքները:




Լրահոս