ՊԱՅԹԵԼ Է
Մեծ Բրիտանիայում շքեղ մոտորանավակը պայթել է ջրում հայտնվելուց ընդամենը 15 րոպե հետո: Այն ձեռք էր բերել մի խոշոր գործարար` վճարելով 465 հազար ԱՄՆ դոլար: Պայթյունի հետեւանքով մոտորանավակի տերը, որը հրաշքով ողջ է մնացել, ստացել է լուրջ այրվածքներ: Գործարարը մտադիր է դատի տալ մոտորանավակն իրեն վաճառողին` պահանջելով կես միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում:
ՑԱԾՐԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆ
«Աշխարհի ամենացածրահասակ երեխան բնակվում է Չինաստանի Հայհուա քաղաքում: Ըստ բժիշկների` նա երբեք չի աճի»,-գրում է Daily Mail-ը: Երեխայի հասակն ընդամենը 54 սմ է, ինչն իրականում համապատասխանում է նորմալ նորածնի հասակին: Նա ծնվել է 1.05 կգ քաշով եւ 33 սմ հասակով: Այժմ նա երեք տարեկան է. նրա քաշը 2.5 կգ է: Բժիշկները, որոնց հսկողության տակ այժմ գտնվում է երեխան, համոզված են, որ փոքրիկի մոտ աճի դադարեցման պատճառը գենետիկ ձեւափոխումն է: Անկախ ֆիզիկական թերությունից` աղջնակը բավական ակտիվ է եւ շատ է սիրում շփվել հասակակիցների հետ:
ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
Սպանության մեջ կասկածվող ամերիկյան օդաչու Բրայան Հեդգլինը Յութա նահանգում ուղեւորատար ինքնաթիռ է առեւանգել եւ ինքնասպանություն գործել ինքնաթիռում: Հեդգլինն ինքնաթիռով հասցրել էր հասնել մոտակա կայանատեղին` ջարդուփշուր անելով օդակայանի պատնեշները: Երբ օդաչուի մարմինը հայտնաբերվել է, ինքնաթիռի շարժիչները դեռեւս աշխատելիս են եղել:
ՓԱԽԵԼ Է ԲԱՆՏԻՑ
Ֆրանսիայում 21-ամյա բանտարկյալը, որին սպանության համար դատապարտել են երկար ժամկետով, փախել բանտից` ինքնասպանություն բեմադրելով: Երբ բանտի աշխատակիցները երիտասարդի վզից հանել են պարանը եւ ուշքի բերել, կարգի համաձայն` նրան տեղափոխել են հոգեբուժարան: Սակայն բանտարկյալը հոգեբուժարանում մեկ շաբաթից էլ քիչ է անցկացրել: Նա կարողացել է դուրս ցատկել պատուհանից եւ անհետանալ քաղաքի ամբոխի մեջ: Ոստիկանությունը նրան այդպես էլ չի գտել:
ԱՎՏՈՎԹԱՐ
Ախալքալաք-Բաթում մայրուղում` Բարդուբան գյուղի մոտ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: «Շկոդա» մակնիշի մեքենան բախվել է «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսին: 7 մարդ զոհվել է, հինգ վիրավոր` տեղափոխվել Քութայիսի շրջանային կլինիկական հիվանդանոց: Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան: