Հայաստանում անտառային հրդեհներն ավելանալու միտում ունեն. ԷկոԼուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է անտառային հրդեհների քանակը. հայտնում է «ԷկոԼուրը»:

Ինչպես նշված է «Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում եւ բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության եւ դրա իրագործման ռազմավարության» մեջ, եթե 2001-2009 թվականներին միջինում արձանագրվել է անտառային հրդեհների տարեկան յոթ դեպք, ապա 2010-2011 թվականներին այդ ցուցանիշը հասել է 50-ի:

Հրդեհների արձանագրված տարեկան միջին թիվը, որն ազդել է բուսածածկ տարածքների վրա 2010-2011 թվականներին, աճել է շուրջ հինգ անգամ` 2004-2009 թվականների տարեկան միջին ցուցանիշի համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն` 2005-2010 թվականներին հրդեհների կողմից անտառներին պատճառված վնասը կազմել է 504 միլիոն դրամ, որից 500.2 միլիոն դրամ վնասը պատճառվել է միայն 2006 թվականին:

Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման հիմնական պատճառը չորացած բույսերի մնացորդների այրումն է դաշտերում եւ արոտավայրերում, որտեղից չվերահսկվող կրակը տարածվում է մոտակայքում գտնվող անտառների վրա: ՀՀ հրդեհային առավելագույն ժամանակաշրջաններն արձանագրվել են հուլիսից սեպտեմբերն ընկած ջերմային ալիքների ժամանակ: Համեմատած 1948-1980 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածի հետ` Հայաստանում 1980-2012 թվականներին միջեւ ընկած ժամանակահատվածում ջերմային ալիքների թիվը աճել է տարեկան 40%-ով:




Լրահոս