«Սահմանադրական փոփոխություններ չարած` արդեն պառլամենտական տարրեր ենք ներմուծում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց օրենքի նախագիծ, որով պետք է փոփոխություններ կատարվեն ԱԺ կանոնակարգում: Ըստ այդ օրենքի` ԱԺ-ին տրվում է բյուջեի կազմման վերահսկողական իրավունք:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ օրենքը հակասահմանադրական է, քանի որ չլինելով պառլամենտական երկիր` Հայաստանը նման օրենք ընդունելու իրավունք չունի:

«Կոչ եմ անում դեմ քվեարկել այս նախագծին, որովհետև սահմանադրական փոփոխություններ չարած` արդեն պառլամենտական տարրեր ենք ներմուծում կառավարման համակարգ»,- ասաց Ջհանգիրյանը:

Սույն օրենքի վերաբերյալ ՀՅԴ տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու օրենքին.

«Ես վստահ եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաշալի գիտի`օրենքի հակասահմանադրականությունը որոշում է Սահմանադրական դատարանը»,- ասաց Վարդանյանը: Վերջինիս արտահայտած տեսակետին կողմ արտահայտվեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Օրենքը՝ կողմ՝ 78, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 20 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց:

Տեղեկացնենք, որ օրենքի նախագիծը մշակել են Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Արծվիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մհեր Շահգելդյանը և Սամվել Նիկոյանը:




Լրահոս