Գյումրիում Ավետիսյանների 7 ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում՝ ՌԴ ռազմաբազայում՝ ռազմական կայազորում. այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են նրա իրազեկ աղբյուրները:
Նման որոշում է կայացվել Հայաստանի հյուսիսում տեղակայված ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա:
«Ինտերֆաքսի» մյուս իրազեկ աղբյուրը հայտնել է, որ կողմերը նաև համաձայնեցնում են Ռուսաստանի օրենսդրության հիման վրա համատեղ մեղադրական եզրակացությունը:
«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում է և՛ ռուսական, և՛ հայկական կողմը, որոշվում է ՌԴ քրեական օրենսդրության հիման վրա համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացություն կայացնելու հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ դատարանը միաժամանակ պետք է քննության առնի նաև զենքով դասալքության փաստի առթիվ մեղադրանքները: