ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է, թե ինչ սկզբունքով է բարձրահարկ շենքերի վերելակների գումարը գանձվում: Կանոնավոր կերպով ո՞վ պետք է հավաքի սպասարկման վարձը, եւ արդյոք դա կապ ունի ընտանիքի անդամների թվի հետ:
Գայի 2, 57 բնակարան
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցադրմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում ենք.
ա) բարձրահարկ շենքերի վերելակների սպասարկման եւ շահագործման համար գումարը գանձվում է շենքը կառավարող համատիրության եւ վերելակային ծառայության հետ կնքված պայմանագրի համաձայն,
բ) գումարի հավաքագրումն իրականացվում է համատիրության կամ նրա կողմից լիազորված որեւէ անձի միջոցով:
Յուրաքանչյուր սեփականատեր վճարումը կատարում է իր բաժնեմասին համապատասխան:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի մոտ հավանաբար տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ վերելակի վարձավճարը Երեւանի տարբեր թաղամասերում տարբեր կերպ է հաշվարկվում: Վերելակային ծառայությունն ամսավճարները գանձելիս բավական ակտիվ է, սակայն նշված ծառայության հետ կապված ամենահրատապ խնդիրը մնում է չլուծված: Ինչպես հայտնի է, երեւանյան (եւ ոչ միայն) շենքերի վերելակները բարոյապես ու ֆիզիկապես աննկարագրելիորեն մաշված են: Բազմիցս է ասվել, որ դրանք ամեն րոպե դժբախտ պատահարների առիթ կարող են դառնալ: Ցավոք, այդպես էլ ոչինչ չի արվում հնամաշ խցիկները նորերով փոխելու ուղղությամբ, եւ մահացու վտանգը մշտապես առկա է: