Գուրգեն Արսենյանն իր ելույթի ժամին անեկդոտ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով` «Շրջանառության հարկի մասին» օրենքից բխող պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետաձգման հարցը զուտ քաղաքական է: ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ վերջինս իր զարմանքը հայտնեց, որ Կառավարությունը, շուրջ մեկ տարի է, չի կարողանում կիրառության մեջ դնել ընդունված օրենքը:

«Այժմ ունենք 80 հազար հարկային հաշվետվություն ներկայացնող ձեռներեցներ, որոնցից 67 հազարը կազմում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: 58.700-ը շրջանառության հարկ վճարողներ են, իսկ մնացածները՝ այլ տեսակ հարկ վճարողներ: 54.700-ից շուրջ 42 հազար հարկատուներն իրենց գործունեությունն են ծավալում առևտրի ոլորտում, որը, կոպիտ հաշվարկներով, ստեղծում է 100 հազարից 120 հազար աշխատատեղ», – նշեց Մելքումյանը:

Մելքումյանի խոսքով՝ իրենք սկզբունքորեն դեմ չեն փաստաթղթավորմանը, բայց՝ միայն շեմի բարձրացման դեպքում: Նա տեղեկացրեց, որ նման փաստաթղթավորման պարտադիր պահանջի 58 միլիոն դրամի շեմը, որը սահմանվել էր 2009 թվականին, երբ այդ գումարը կազմում էր մոտ 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ այժմ այդ նույն գումարը կազմում է 120 հազար դոլար:

Միքայել Մելքումյանի կարծիքով` ՓՄՁ-ները միտումնավոր քիչ են ցույց տալիս իրենց շրջանառությունը:  Ըստ նրա՝ կյանքի պայմաններն են այդպիսին, այդ է պատճառը, որ Մելքումյանը վստահ է, որ պետք է բարձրացնել շեմը:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանն էլ իր ելույթի ժամին հիշեց անեկդոտ, որն ակամա կապեց այս օրենքի հետ. «Մեկը բարձրանում է ծառի ճյուղին և սկսում է կտրել հենց այդ նույն ճյուղը: Ներքևից ճյուղը կտրողին ասում են, որ զգուշանա ընկնելուց: Երբ ճյուղը կոտրվում է, և այն կտրողը ցած է ընկնում, վերջինս վրդովված ասում է իրեն զգուշացնողին՝ նավսեցիր»:

Գուրգեն Արսենյանի կարծիքով` օրենքի կիրառման հետաձգումն ավելի է դժվարացնում իրավիճակը:




Լրահոս