Քաղաքապետարանը՝ Կիրովի այգու շինարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրովի անվան մանկական զբոսայգում ընթացող աշխատանքների վերաբերյալ սոցիալական ցանցերում և որոշ կայքերում տեղ գտած անհիմն հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված և բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։

Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի կողմից և արժանացել դրական կարծիքի։

Տարածքում աշնանը իրականացվել է ծառերի սանիտարական էտ, որից հետո կատարվել են միայն մացառուտների հեռացման աշխատանքներ՝ նորատունկ ծառերով համալրելու նպատակով։

Ի դեպ, նաև այս զբոսայգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն է ներկայացվել դեռևս 2014թ. ապրիլին Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որին հրավիրված են եղել բոլոր լրատվամիջոցները: Այդ մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.yerevan.am/am/news/barekargman-tsragreri-shrjanakowm-showrj-25-hektarov-kavelana-mayrak-aghak-i-kanach-taratsk-neri-tsa/:

Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ զբոսայգում իրականացվող աշխատանքների մասին իրազեկող համապատասխան վահանակը աշխատանքների մեկնարկի օրից փակցված է զբոսայգու գլխավոր մուտքի մոտ և հասանելի ու տեսանելի է բոլորին:

Երեւանի քաղաքապետարան




Լրահոս