Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ ո՛չ Սերբիան, ո՛չ Խորվաթիան 1991-1995թթ. Բալկանյան պատերազմի ժամանակ միմյանց հանդեպ ցեղասպանություն չեն իրականացրել:
Խորվաթիայի կառավարությունը պնդում է, որ 1991-ին Սերբիան ցեղասպանություն է իրականացրել Վուկովար քաղաքում և երկրի այլ բնակավայրերում:
Սակայն «Խորվաթիան չի կարողացել հիմնավորել այն պահանջները, որ ցեղասպանությունն իրականացվել է սերբերի կողմից»,- հայտարարել է դատավոր Փեթեր Թոմկան:
Սերբիան նաև պատասխան հայց էր ներկայացրել՝ մեղադրելով Խորվաթիային ավելի քան 200 հազար սերբերի արտաքսելու մեջ:
Նշենք, որ 1991-1995թթ. տեղի ունեցած Հարավսլավիայի պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 20 հազար մարդ: Մեծապես տուժել է Խորվաթիայի Վուկովար քաղաքը, որը 1991 թվականի 3 ամիսների ընթացքում օկուպացված է եղել սերբերի կողմից: Տասնյակ հազարավոր էթնիկ խորվաթները դարձել են փախստական: Մոտ 260 խորվաթ տղամարդիկ ձերբակալվել ու սպանվել են:
4 տարի անց խորվաթական բանակը ընդդեմ սերբերի ռազմական օպերացիա է իրականացրել, որի ընթացքում մոտ 200 հազար սերբ ստիպված է եղել լքել իր տունը: