«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի ելույթը՝ ԱԺ-ում հայտարարությունների ժամին.
«Հարգելի գործընկերներ,
Տարիներ շարունակ ես ինքս ուրախացել եմ Հայաստանի քաղաքական, տնտեսական ազատությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում յուրաքանչյուր ձեռբերման համար: Ավելին, տեսել եմ, այդ թվում նաև, այս դահլիճում նստած` իշխանությունը ներկայացնող գործընկերներիս անթաքույց հրճվանքը ամենատարբեր միջազգային զեկուցներում, ինդեքսներում կամ ռեյտինգներում Հայաստանի յուրաքանչյուր միավոր առաջընթացի ժամանակ: Տարբեր տիպի ֆրիդըմ-ինդեքսներում, ֆիտչերի կամ մուդիսների ռեյթինգներում, մարդու իրավունքների կամ խոսքի ազատության զեկույցներում միջազգայնորեն ամրագրվող ցանկացած առաջընթաց ոգևորում ու ավելի ակտիվ առաջ գնալու էր մղում հենց նույն իշխանական իմ գործընկերներից շատերին:
Այսօր ես վատ նորություն ունեմ: Եթե տեղյակ չեք, իրազեկեմ: Ամեն ինչ փոխվել է: Ամենուր համատարած անկում է: Տարբեր տիպի իրավունքների խախտումների, ծեծերի, բռնության կիրառման և ազատությունների սահմանափակման մասին են վերջին ամիսների ընթացքում մեր երկրին անդրադարձող գրեթե բոլոր միջազգային զեկույցները: Եթե մարդ կար, որ տեղյակ չէր այս իրողությունից, թող ինձ ների տրամադրությունը փչացնելու համար: Տարիներով կուտակածը ամիսներով ու հետևողականորեն քամուն ենք տալիս:
Բայց այնպես չէ, որ այս հեռանկարի մասին մենք չէինք խոսում ընդամենը ամիսներ առաջ, հայտնի սեպտեմբերի երեքից սկսած: Այն ինչ կանխատեսում էինք, կատարվեց, մի բան էլ ավելին, միայն մի տարբերությամբ, որ շատ ավելի արագ տեմպերով տեղի ունեցավ, քան կարելի էր կարծես:
Այս ֆոնի վրա մի հարց է միայն, որ գալիս է միտքս և որը ուզում եմ բարձրաձայն հնչեցնել: Ե՞րբ է Հայաստանը ի վերջո մեռած կետից շարժելու իր Եվրոպական օրակարգը, ի՞նչ փուլում է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու վերաբերյալ հայտարարված մոտեցումը, արդյո՞ք իշխանական գործուղումների ծրագրերում նախատեսված են թռիչքներ Բրյուսել:
Սրանք հռետորական հարցեր էին, որ ակամա ի հայտ են գալիս նշածս իրավիճակի մասին մտածելուց: Այսքանը: Մնացածը ով ոնց կուզի, թող մեկնաբանի»: