ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե «100-ամյակն առանց ռեժիմի» կասկածելի կարգախոսն ո՞ւմ դեմ էր հնչելու: Մարգարիտ Եսայանն անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից դեպի Արցախ ավտոերթին` նշեց, որ այդ արարքը դատապարտում է:
«Բայց մենք էլ ավելի լավը չենք: Կատարվածի մեր ընդհանրական գնահատականներում ընկանք հետևանքների հետևից՝ մոռանալով պատճառները, որովհետև մեր մտածողությունը պտտվում է մակերեսին: Հեշտ է հերոսանալ, բայց թե կեղծ հերոսությունն ինչ գին ունի՝ չենք նայում: Իսկ հիմա գնի մասին: Ես կոկորդ պատռելու սովորություն չունեմ: Կոկորդս չի ցավում, բառերը իրար շալակ չեն բարձրանում: Բայց տեսնում եմ, որ ոմանք կոկորդ պատռելով խոսում են, երբ ավելի խելամիտ կլինի լռելը: Ձեռագիրը վատն է, անճոռնի, ագռավի ճանկերի պես վատը:
Բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց եթե այսօրվա վարձատրությունը պահելու եք բարձի տակ, վաղը ձեր սարքած քաոսը ձեր դեմ է դուրս գալու: Հանե՛ք դիմակները, ցո՛ւյց տվեք իրական դեմքը: Ձեզ համար կարևորն այդ «քեշ» շահն է, դոլարով կամ ադամանդով: Բոլորիդ ոչ հեռավոր անցյալը դեռ էկրաններին է: Հերի՛ք է երկիրը դարձնեք թատերաբեմ, ձեր արտիստական չհաջողված տաղանդները դուրս հանելու: Դուք ոչ ձու ածող եք, ոչ էլ՝ ծուղրուղու կանչող. տարիքը վաղուց այն չէ»,- հայտարարեց նա: