Ինչ փոխատեղումներ է կատարել Արթուր Օսիկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը խորհրդակցության է հրավիրել քրեակատարողական հիմնարկների բոլոր պետերին:

Իսկ ՀՀ ԱՆ ՔԿ ծառայությունը հայտնում է, որ խորհրդակցության ժամանակ ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետը խոսել է համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև` կատարվելիք աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ Armlur.amհայտնել էր, որ տեղեկությունների համաձայն՝ խորհրդակցության ժամանակ պետք է որոշվեին ՔԿՀ պետերի տեղափոխությունների, ամենայն հավանականության, նաև՝ պաշտոնանկությունների հարցեր:

Եվ այսպես, Armlur.am-ին հայտնի է դարձել, որ որոշ ՔԿՀ-ներում, ՔԿՀՎ պետի որոշմամբ, աշխատակիցների տեղափոխություններ և նոր նշանակումներ են եղել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հարություն Ալեքսանյանը նույն պաշտոնով կծառայի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Իսկ նրան կփոխարինի «Աբովյան» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Սարգսյանը:

ԴՀ ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արայիկ Ջամալյանն այսուհետ կզբաղեցնի «Արթիկ» ՔԿՀ պետի առաջին տեղակալի պաշտոնը (հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Արթիկ» ՔԿՀ պետ Աղասի Խաչատրյանը տեղափոխվել էր նորաբաց «Արմավիր» ՔԿՀ, սակայն արդեն իջեցված պաշտոնով ծառայելու), իսկ նրան այսուհետ կփոխարինի «Նուբարաշեն» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Սմբատ Բուղլադարյանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների գծով պետի տեղակալը՝ Խաչիկ Հարությունյանը, տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ նրան ԴՀ-ում այսուհետ նրան կփոխարինի Կարապետ Մկրտչյանը:

Վերջինս, ի դեպ, նշված անձանցից ամենաերիտասարդ կադրն է: Տեղեկացնենք, որ սույն անձը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի որդին է, մի մարդու, ում անունն առավել հիշատակվում է զավեշտալի պատմությունների շարքում: Ավելորդ չհամարելով ներկայացնել ՔԿՀ նորանշանակ աշխատակցի հոր անցյալը՝ նշենք, որ Ավետիք Մկրտչյանը, ով առավել հայտնի է «Աղվես Ավո» մականվամբ, Էրեբունի վարչական շրջանի նախկին ոստիկանապետն էր և այդ պաշտոնին էր առաջադրվել իր քավորի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ջանքերով: Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Ավետիք Մկրտչյանը երկար ժամանակ աշխատանք չուներ: Տարբեր միջնորդությունների արդյունքում, վերջապես, մոտ 2 տարի հետո Մկրտչյանի համար աշխատանք գտնվեց ՀՀ ԱԻՆ-ում. նրան այդ հնարավորությունը տվեց նախարար Արմեն Երիցյանը, ով ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, ճանաչում էր Մկրտչյանին:

Ինչևէ, փորձենք վերհիշել, թե ով էր գնդապետ Ավետիք Մկրտչյանը ոստիկանությունում աշխատած տարիներին: Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի՝ «երիտասարդ տարիներին Ավետիք Մկրտչյանը Էրեբունիում ոստիկանության թաղային տեսուչ է աշխատել եւ երբ մի անգամ իրեն «խելոք չի պահել», հայտնի թաղային հեղինակություն Փայլակը նրան մի քանի օր գցել է իր տան բակի շան բունը` «դաստիարակվելու» համար»: Էրեբունիում ոստիկանության թաղային տեսուչ Ավետիք Մկրտչյանը, շարքային քննիչից բարձրանալով Էրեբունու ոստիկանապետի պաշտոնին, հընթացս ձեռք է բերել «Աղվես Ավո» մականունը: Ու, չնայած նրա ուսադիրների վրա եղած աստղերի լրջությանը, ոստիկանապետի աթոռի առկայությանը, Մկրտչյանը երկու անգամ Էրեբունու իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկվել ոստիկանության շենքում:




Լրահոս