Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը. Արթուր Աղաբեկյանը՝ Բերձորի դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար»,-մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է karabakh-life-ը։

Անդրադառնալով դեպքերի նախապատմությանը, Ա. Աղաբեկյանը նշեց, դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ զանգել էր Ժիրայր Սեֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սեֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում:

«Մենք առաջարկել ենք՝ խմբի, որի հետ պետք է որոշում կայացնի, միասին գան Արցախ և քննարկենք հարցը»-պատմում է փոխվարչապետը:

Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է Արցախի նախագահը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ինչպես Ա. Աղաբեկյանն է ասում, հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ դա հանդիպում էր մարտական ուղի անցած մարդկանց միջև:

«Նախագահը երկար խոսեց, բացատրեց, որ աշխարհի ամբողջ հայությունը շատ ուշադիր է Արցախի հանդեպ, որ այստեղ տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, այստեղից հնչած ամեն մի հայտարարություն, կարծիք ու արտահայտություն լուրջ արձագանք է գտնում հայության մոտ: Արցախը գնահատում է յուրաքանչյուր հայի վերաբերմունքը, ավանդը այս հողի շենացման հարցում և չի կարող մասնակիցը լինել քաղաքացիական անհնազանդություններին, առավել ևս, չի կարող ինչ-որ ձևով ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նախագահը նաև խոսեց ներկա իրավիճակում ծանր մարտահրավերների մասին՝ անկանխատեսելի ռազմավարություն ունեցող թշնամի, ինչի արդյունքում, առաջնագծում իրավիճակի դիմակայման լուրջ խնդիր, սոցիալական ու տնտեսական մարտահրավերներ»-պարզաբանում է Ա. Աղաբեկյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ, զրույցի վերջում եկել էին ընդհանուր հայտարարի. խումբը համաձայնել էր Արցախի տեսակետի հետ: «Սակայն հաջորդ իսկ օրը մենք տեսանք բոլորովին այլ հայտարարություններ, կոչեր, արտահայտություններ՝ սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում և այլն»-ասում է փոխվարչապետը:
«Բացի դրանից՝ Ժ. Սեֆիլյանը իր քաղաքական հայացքներն է փոխում, ինչին մեզ տեղյակ էլ չի պահում: Մենք իրեն տեսնում ենք Լևոն Տեր Պետրոսյանի կողքին, հետո մեկ ուրիշի, հետո առանձին… հիմա մենք ինչպես իմանանք ՝ որն է գաղափարը կամ ինչ կյանք ունի այդ գաղափարը»-ասում է փոխվարչապետը:

Ա. Աղաբեկյանը ափսոսանքով խոսեց Սեֆիլյանի և իր խմբակիցների կողմից նախապես հնչած վիրավորական արտահայտություններով հայտարարությունների մասին, որտեղ արհամարհանքով ու վարկաբեկիչ խոսքերով խոցեցին ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև Արցախի երիտասարդների ինքնասիրությունը:

«Իրականում, ոստիկանապետն այլընտրանք չուներ, բացի նրանց երթի առաջխաղացումը կասեցնելուց, որովհետև ավելի տհաճ ու ծանր արդյունքներ կունենայինք»-համոզված է փոխվարչապետը:

Իրավական գնահատական տալուց փոխվարչապետը զերծ է մնում:
«Դրանով կզբաղվեն պատկան մարմինները: Իսկ ես ասեմ, որ դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր: Ինչ մնում է հերոսի կամ ազատամարտիկի անունը շահարկելուն, ապա կասեմ հետևյալը. եթե դու քո կյանքում հերոսություն ես արել, բայց այդ հերոսությունը մեկ անգամ է եղել և հետագայում չի շարունակվել, ուրեմն, այդ հերոսությունը պատահական է եղել: Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը: Պատերազմի տարիներից այնքան անհայտ հերոսներ ունենք: Իսկ նրանց որտեղի՞ց գտնենք ու պատվենք: Կամ ո՞վ կարող է ասել, որ այսօր սահմանը պահող 18 տարեկան երիտասարդը հերոս չէ: Կամ ինչ է նշանակում՝ եթե հերոս է, ուրմեն ամեն ինչ իրեն թույլատրելի է՞»-ասում է նախկին հրամանատարը:




Լրահոս