
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը:
Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հաշվետվության նախագիծը ընդգծել է, որ այն կազմվել է բացառապես գործող օրենսդրությանը համապատասխան: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Այնուհետ քաղաքապետի տեղակալը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:
Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները քվեարկությամբ հաստատել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը: