«Հարսնաքար»-ի դեպքերից հետո Ռուբեն Հայրապետյանի դեմ սկսված արշավը որոշ իշխանամերձ վերլուծաբաններ փորձեցին ներկայացնել իբրեւ կոնկրետ ՀՀԿ-ի դեմ ուղղված շարժում, որի տարբեր դերակատարներ այսպես ասենք` աջակցություն են ստանում ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդների եւ անձամբ Ռուբեն Հայրապետյանի թշնամիների կողմից: Պետք է նշել, որ նման պնդման համար որոշ հիմքեր կան՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուբեն Հայրապետյանն ամենեւին էլ միակ օլիգարխը չէ, ում սափրագլուխները մարդկանց «դաստիարակում» են` հասցնելով մահվան դուռը: Օրինակները շատ են, եւ նման դեպքերի մասին գրել է նաեւ «Ժողովուրդ»-ը: Սակայն մամուլի բազմաթիվ հրապարակումները մինչեւ Վահե Ավետյանի մահն անցնում էին անհետեւանք, ինչպես տեղի ունեցավ ընդամենը երկու ամիս առաջ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ղեկավարի` Էդոյի կողմից մի վարորդի դաժանաբար ծեծելու դեպքում: Այդ ժամանակ ոչ միայն տարբեր քաղաքացիական ակտիվիստական խմբեր լռեցին, այլեւ ամենաթողության ու բռնության կիրառման այդ կոնկրետ դեպքի դեմ գոնե մեկ` ասենք Տիգրան Խզմալյանի նման մտավորական չխոսեց: Ինչեւէ: «Հարսնաքար»-ի դեպքից հետո տեղի ունեցավ եւս երկու դեպք, որոնց առանցքում կրկին ԱԺ ՀՀԿ-ական մականունավոր պատգամավորների հարազատներն էին: Առաջին դեպքում Թոխմախի Մհերի` Մհեր Սեդրակյանի քրոջ որդին էր, որը շատ արագ կալանավորվեց սպանության կասկածանքով, իսկ մյուսը կրկին դեպքի հաջորդ օրը կալանավորված Նովոյի` Նահապետ Գեւորգյանի որդին էր, որը զենքի սպառնալիքով մեքենա էր առեւանգել: Եւ ահա այս դեպքերի հանրայնացումն ու դրանցում ներգրավված պատգամավորների հարազատների նկատմամբ իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ եւ կարծես թե առայժմ համարժեք քայլերը հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս: Մի կողմից կարելի է մտածել, որ դրա պատճառը «Հարսնաքար»-ի դեպքից հետո ծայր առած քաղաքացիական շարժման ճնշումն է, որը ստիպեց իշխանություններին հերթական անգամ աչք չփակել մականունավոր ՀՀԿ-ականների մերձավորների հանցագործությունների վրա: Մյուս կողմից, սակայն, դրանով անուղղակիորեն եւս մեկ անգամ շեշտվեց, որ հատկապես ՀՀԿ-ի շարքերն ավելի քան հարուստ են քրեաօլիգարխիկ տարրերով, որոնց շրջապատում տարիներով ձեւավորված հղփացածության եւ անպատժելիության մթնոլորտը չի փոխվում անգամ «Հարսնաքար»-ից հետո: Եւ այստեղ կարող է թվալ, թե հանձնարարելով համարժեք կերպով արձագանքել այս վերջին դեպքերին, ՀՀԿ առաջնորդը որոշակիորեն վնասում է սեփական կուսակցության հեղինակությունը եւ տեղիք տալիս, որպեսզի իրենց քաղաքական հակառակորդներն օլիգարխների ամենաթողությունն էլ ավելի նույնականացնեն ՀՀԿ-ի հետ: Իրականում, սակայն, տեղի է ունենում հակառակը. հանրապետականները սկսում են հասկանալ, որ իրենք այլեւս օրենքից վեր չեն լինելու, իսկ դա հանգեցնելու է ՀՀԿ-ի շարքերի ինքնամաքրմանն ու որպես քաղաքական ուժ՝ էլ ավելի ամրացմանը: Եթե իհարկե, այս ամենը զուտ ժամանակավոր շոու չլինի:
ԵԹԵ ԻՀԱՐԿԵ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ