ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը վերջին շրջանում սկսել են պայքարել իրար դեմ, եւ միմյանց մեղադրում են իշխանությունների պատվերը կատարելու, իշխանության ծրագրած սցենարներով շարժվելու մեջ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը կատարվողը համարում է անցանկալի:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ վերջին շրջանում տիրող լարված հարաբերությունները: Այս երկու կուսակցությունները հետեւողականորեն քննադատում են իրար:
-Ընդհանուր առմամբ սա արդյունք է անզգույշ խոսքերի: Քաղաքականությունը, վերջին հաշվով, խոսքերի միջոցով է իրականացվում, իսկ եթե դրանք սկսում են վիրավորանք պարունակել, ապա տեղիք են տալիս նման իրավիճակների: Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, անցանկալի եմ համարում կատարվածը, որովհետեւ հիմնական կոնֆլիկտն ընդդիմության ներսում չէ:
-«Ժառանգությանը» մեղադրում են Բաղրամյան 26-ում նախագծված սցենարներն իրականացնելու, ԲՀԿ-ին քննադատելով՝ համապատասխան օղակների պատվերները կատարելու մեջ: Այս մեղադրանքներն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այս տարիների ընթացքում «Ժառանգությանը» մեղադրանք չի մնացել, որ չներկայացնեն՝ սկսած մեզ բոլորիս հայտնի պիտակներից՝ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայրը, վերջացրած այդ խոսքերով: Ես կարծում եմ, որ երբ արդեն խոսքերի փոխհրաձգությունը չի դադարում, հաջորդում է այն, որ այլեւս չես նայում՝ մյուս պիտակները տեղին են, թե ոչ: «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի գաղտնի կապի մասին խոսեցին ընտրություններից առաջ, կանխատեսեցին, որ կոալիցիայի կազմում կլինենք: Գործընթացները միանգամայն այլ բան են ցույց տալիս: Բայց ես կարծում եմ՝ հիմա հավելյալ հնարք են անում:
-ԲՀԿ-ն իր դեմ կատարված հակաքարոզչությունը համարում է «Հարսնաքար»-ի դեպքերից, քաղաքացիական ընդվզումից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ:
-Ես տեղյակ չեմ՝ այդ կատարվածի առաջնային պատճառը, կոնտեքստը որն է եղել, բայց քաղաքական գործիչները պարտավոր են արգելանքներ դնել, կանգ առնել ու չշարունակել այն, ինչն արդյունք չի տալիս որեւէ մեկին: Եթե ես իմանայի, որ նման գործընթացի արդյունքում քաղաքական ուժերը շահում են, ապա կընդունեի դրանք դիվիդենտներ բերող գործընթաց: Բայց այս ամենից որեւէ մեկը չի շահում, հետեւաբար՝ դա անիմաստ գործընթաց է:
-Շատ է խոսվում աշնանը քաղաքական վերադասավորումների մասին: Ինքներդ ի՞նչ վերադասավորումներ եք ակնկալում:
-Վերադասավորումները լինելու են նախագահի ընտրությունների կապակցությամբ: Ընդ որում, քաղաքական կյանքը վերադասավորվելու է այնքանով, որքանով պետք է վերադասավորվեր ԱԺ ընտրություններից հետո: Կարող են ձեւավորվել հավելյալ միավորումներ ու դաշինքներ: Բայց այդ ամենը կախված կլինի նրանից, թե ովքեր կառաջադրվեն նախագահի թեկնածու եւ ինչպիսի սատարում կունենան քաղաքական սպեկտորի կողմից:
-Ո՞ւմ միջեւ եք դաշինքներ ակնկալում:
-Կրկնում եմ՝ դա կախված կլինի նրանից, թե ովքեր են առաջադրվելու: Այդ դեպքում քաղաքական ուժերը խնդրի առաջ են կանգնելու՝ պաշտպանել որեւէ մեկին կամ ընդհանրապես չսատարել որեւէ մեկին: Այդ ամենը կբերի վերադասավորումների:
-Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Այդ կուսակցությունից արդեն տեսակետ է հնչել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին կոալիցիան այլեւս չկա, չի գործում նաեւ նախորդ տարվա փետրվարին նրանց ստորագրած հայտնի հայտարարությունը:
-Ես կարծում եմ, որ ԲՀԿ սեփական թեկնածուի մասին այս պահին դեռ դժվար է կանխատեսումներ անելը: Վարդան Օսկանյանին՝ քննադատության թիրախից, ձեւից ու ոճից կարելի է համարել թեկնածուներից մեկը: Թե ինչպիսին կլինի ԲՀԿ որոշումն առաջիկա ամիսներին, հատկապես «Սիվիլիթաս»-ի հետ կապված քրեական գործից հետո կամ գործի ընթացքում, այս պահին դժվար է ասելը:
ԿՁԵՎԱՎՈՐՎԵՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԴԱՇԻՆՔՆԵՐ ՈՒ ՄԻԱՎՈՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ