ՊԱԼԱՉԻՆ ԿՃԶՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Արթուր Հարությունյանը (Պալաչ) շարունակում է ընտանիքի անդամների հետ միասին զբոսնել արտերկրում, Հայաստանում նրան պատկանող «Քինգ դելյուքս» ընկերության կողմից շահագործվող 259` Աբովյան-Երեւան եւ 275` Չարենցավան-Երեւան երթուղիների վարորդները միայնակ կռիվ են տալիս Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների վարորդների հետ: 259 համարի երթուղու վարորդներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ամեն ինչ շատ վատ է: Ոնց որ շանը ոսկոր ցույց տան ու արագ հետ տանեն: Հասարակ մի բան. եթե ես կանգառներից մեկում չեմ կանգնում, ինքն էլ չի կանգնում, որ հետեւիցս գա: Պարզ երեւում է, որ ուզում են խանգարեն, որ չաշխատենք: Այնպես էլ արագ են քշում»: Իսկ 275 համարի` Չարենցավան-Երեւան սպասարկող երթուղու վարորդ Մեյվանդը մեզ վստահեցրեց, որ այլեւս չի գնալու աշխատանքի:
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկվանից ավելացրել է բարեգործական «Պազիկ»-ների թիվը Երեւան-Չարենցավան երթուղում: «Ես Պալաչին պիտի ոչնչացնեմ»,-իր մտերիմ շրջապատում հայտարարել է Գ. Ծառուկյանը:
Իսկ Արթուր Հարությունյանը շարունակում է իր մտերիմներին «տարհանել» երկրից: Մեր աղբյուրների վկայությամբ՝ Պալաչի մտերիմ մի քանի ընկերներ եւս վերջին օրերին իրենց ընտանիքի անդամների հետ լքել են Հայաստանը: Ըստ ամենայնի՝ Հարությունյանը մտադիր է հեռակա պայքար մղել Ծառուկյանի դեմ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկա երկուշաբթի օրը «Քինգ դելյուքս» ընկերության վարորդները փակելու են Երեւան-Չարենցավան, Երեւան-Աբովյան մայրուղին: Այս անգամ նրանք խոստանում են չբացել ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:
Հիշեցնենք, որ «Քինգ դելյուքս» ընկերությունը դիմել էր ՀՀ կառավարությանը, որպեսզի նրանք արգելեին Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների գործունեությունը, սակայն, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, գործադիրում չեն կարողանում օրենսդրական հիմնավորում գտնել, որով հնարավոր լինի արգելել բարեգործությունը: Ավելին, «Ծառուկյան» հիմնադրամը՝ որպես բարեգործական կազմակերպություն, գրանցված է ՀՀ կառավարությունում, ուստի գործադիրը պետք է ինչ-որ անորոշ պատասխանով հարցի լուծման կոմպրոմիսային տարբերակ առաջարկի:




Լրահոս