ՀԱՐՍՆԵՐԻՆ ՄԱՏԱՂԱՑՈՒ ԳԱՌԻ ՏԵՂ ԷՐ ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատցի 49-ամյա Հայկանուշ Միքայելյանին վերագրվող արարքների մանրամասները, որոնք պարզել է նախաքննական մարմինը, կարող են ցնցել նույնիսկ հոգեբաններին ու հոգեբույժներին, որոնք իրենց մասնագիտական պրակտիկայում հանդիպել են շատ զարհուրելի դեպքերի եւ հոգեբանական ֆորսմաժորային իրավիճակների:
Հայկանուշ Միքայելյանը երկու հարս է ունեցել, երկուսին էլ պահել է լիակատար ստրկացման, նվաստացման, հալածյալի կարգավիճակում եւ խոշտանգել բառի բուն իմաստով: Հարսներից առաջինը` Արտաշատի բնակիչ 25-ամյա Մելինե Բայաթյանը, այդ կարգավիճակում մնացել է մոտ երեք տարի: Ըստ մեղադրական եզրակացության` Հ. Միքայելյանի որդին` Դավիթ Զիրոյանը, 2005-ին ամուսնացել է Մելինեի հետ եւ տեղափոխվել Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաք, որտեղ մինչ այդ մայր ու որդի միասին էին ապրում:
Սկսվել են Մելինեի սեւ օրերը. Հայկանուշը 2005թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2008թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Սանկտ-Պետերբուրգում գտնվող իրենց տանն իր որդի Դ. Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Մելինեին սկսել է հոգեպես եւ ֆիզիկապես տանջել. դաժանությամբ պարբերաբար ու դիտավորությամբ ուժեղ հարվածներ է հասցրել, առանձին տանջանքներ եւ տառապանքներ պատճառելու դիտավորությամբ պարբերաբար պատառաքաղով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, քաշել մազերը, ձեռքերով, ոտքերով, դանակով, շերեփով հարվածներ է հասցրել նրա գլխին: Բայց այդ ամենը սկեսրոջը քիչ է թվացել. նա բռնի ուժով բացել է Մելինեի բերանը, աղ լցրել, ստիպել է ուտել ճաշի բոլոր մնացորդները: Այդ բռնությունների հետեւանքով առաջին հարսի առողջությանը պատճառել է (չգիտես ինչու) թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ կրծքավանդակի առաջնային պատի հատվածում, ինչպես նաեւ ձախ նախաբազկի եւ ձեռնաթաթի, իրանի գոտկային շրջանի սալջարդ վերքերի, գլխի ճակատային շրջանի, աջ նախաբազկի, աջ ծնկան հոդի կտրած վերքերի ձեւով մարմնական վնասվածքներ:
2008-ին Մելինեն ինչ-որ կերպ ազատվել է «սադիստ» սկեսուրից եւ նրա` «անդեմ բայ»-ի տպավորություն թողնող որդուց, իսկ մեկ տարի անց նրանց ձեռքն է ընկել Մարիամ Գեւորգյանը: Նա դիմացել է ընդամենը 10 ամիս` 2010թ. հունվարից մինչեւ 2010թ. հոկտեմբերի 15-ը, քանի որ նրա նկատմամբ բռնությունները շատ ավելի դաժան եղանակներով են դրսեւորվել: Այդ ժամանակահատվածում Սանկտ-Պետերբուրգի նույն տանը Հայկանուշն իր որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկրորդ կնոջը` Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Մարիամին եւս առանձին դաժանությամբ պարբերաբար ծեծել է, քաշել նրա մազերը, պատառաքաղով եւ եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ծեծել է ոչ միայն ձեռքերով ու ոտքերով, այլեւ փայտյա գրտնակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, արդուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը եւ աղ լցրել, ինչպես անում են մատաղացու գառին մորթելուց առաջ: Այդ բռնությունների հետեւանքով Մարիամը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածք, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածք, գլխի ճակատային շրջանի եւ ձախ ականջախեցու սալջարդ վերքեր, ներքին օրգանների եւ ձախ աճուկային շրջանի արյունազեղում, ձախ բազկի եւ ձախ կրծքագեղձի կտրած վերքեր, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերք, ձախ նախաբազկի ծակած վերքեր, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային եւ որովայնի շրջանի այրվածքների ձեւով մարմնական վնասվածքներ:
Հարսներին ստրկացրած Հայկանուշ Միքայելյանին այժմ մեղադրանք է առաջադրված առանձին դաժանությամբ խոշտանգման (ՀՀ քր. օր.-ի 119-րդ հոդ. 2-րդ մասի 6-րդ կետ) եւ առանձին դաժանությամբ ու դիտավորությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար (113-րդ հոդ. 2-րդ մասի 5-րդ կետ): Հոդվածներից առաջինը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում, իսկ երկրորդ հանցակազմի սանկցիան` առավելագույնը 5 տարվա ազատազրկում:  
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատական քննությունն ամբողջությամբ կանցկացվի դռնփակ կարգով, իսկ դատավճռի ներածական եւ եզրափակիչ մասերը կլինեն հրապարակային:
Հիշեցնենք, որ Հայկանուշ Միքայելյանի որդուն` Դավիթ Զիրոյանին, հաջողվել էր անազատության մեջ մնալուց կարճ ժամանակ անց ազատվել կալանքից եւ լքել երկիրը, իսկ տուժողներից մեկին ասել էր, որ մեծ գումարներ է ծախսել, որպեսզի   ազատվի պատասխանատվությունից եւ ամեն ինչ անելու է, որ մորն էլ ազատի:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս