ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՏ ԵՆ ԴԻՄԵԼ
Երեկ կառավարության նիստում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը տեղեկացրել է, որ այս տարի նախորդ բոլոր տարիների համեմատ աննախադեպ է եղել անձնագիր ստանալու համար դիմողների քանակը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար անձնագրի փոխանակման դիմում, ապա այս տարի թվաքանակն ավելացել է շուրջ 30 հազարով: «Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծված է, անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում է»,-ասել է փոխոստիկանապետը: Նա նաեւ նշել է, որ դեռեւս փոքր է կենսաչափական տվյալներով անձնագրերի համար դիմողների թվաքանակը: Առաջին 1.5 ամսվա ցուցանիշը ցույց է տվել, որ առայժմ ընդամենը 800 անձ է դիմել կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար:

ԿԱՆԱՉՈՒՏԻ ՊԱՏՎԵՐՈՎ
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը վերածվել է խեղկատակության. դատավորը երեկ թույլ չի տվել, որպեսզի ՀԱԿ ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ անդամ Սարգիս Գեւորգյանը մինչեւ վերջ ընթերցի իր պաշտպանական ճառը: Երբ Գեւորգյանը քաղաքական գնահատականներ է հնչեցրել գործող ռեժիմի, մասնավորապես Սերժ Սարգսյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին, դատավորը նրան ընդհատել է: Մինչ այդ ելույթ է ունեցել նրանց փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ ասելով, որ ՀԱԿ ակտիվիստները մեղավոր չեն եւ իրենց մեղավոր չեն ճանաչում: Տիգրան Առաքելյանն էլ ասել է. «Այս գործը պատվիրված է Կանաչուտ գյուղի բնակիչներից մեկի կողմից»: (Նա նկատի է ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը Կանաչուտ գյուղից է): Մինչ ՀԱԿ ակտիվիստները հանդես էին գալիս պաշտպանական ճառերով, դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀԱԿ անդամները. այնտեղ էին նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Դատավճիռը կհրապարակվի այսօր:

ՊՈՌՆԻԿ ՉԿԱ
Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների գործով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Կարեն Արայանի առողջական վիճակը նորմալ է, իսկ բերանի կարերը քանդվել են: Այդ մասին հայտնել է ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը. «Վերքեր էին առաջացել, քրեակատարողական հիմնարկի բժիշկները եկան, որ մշակեն վերքերը, ընդհանուր առմամբ ինքը լավ էր, բայց հացադուլը շարունակում է»: Աղամալյանը նաեւ տեղեկացրել է, որ Կ. Արայանն իրենց է փոխանցել առանձին դիմում, որն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանին, եւ որի բովանդակությունն առայժմ չեն կարող հրապարակել: Իսկ Արայանի մայրը youtube-ում սեփական ալիքն է բացել, որտեղ տեղեկացնելու է որդու դատական գործի ընթացքի մասին: Իր առաջին հարցազրույցում  Մարինա Արայանն ասել է. «Ինչքա՞ն կարելի է բարոյապես ճնշել մարդուն, ինչի՞ համար: Մի փոքր ընտանիք ենք` ես ու իմ տղան: Մեր տան մեջ չկա համասեռամոլ, չկա պոռնիկ, չկա աղանդավոր: Մենք դրա համա՞ր ենք տուժում այսօր»:

ՕՁԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Հուլիսի 19-ին՝ ժամը 09:13-ին, ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում: Դեպքի վայր մեկնած ՃԿԿ օպերատիվ խումբը հայտնաբերել է օձին եւ  տեղափոխել  անվտանգ տարածք:




Լրահոս