Ինչպե՞ս է Կոմիտաս վարդապետը պայքարում ֆեյսբուքյան վիրուսների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հետևյալ բովանդակությամբ գրառումն է արել.

«ՓՐԿԵՔ ԻՆՁ ԱՅՍ ԱՅԼԱՍԵՌՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկ երեկոյան Մարսելի բարեկամներիցս մեկը, որը միաժամանակ ՖԲ ընկերներիցս է, գրություն էր ուղարկել, թե իմ անունով անբարո նկարներ տեսաֆիլմեր են տարածվում։ Նմանատիպ տեսաֆիլմեր են հայտնվում նաև իմ էջում, տարբեր անձանց անունով։ Դրանք ջնջում եմ անմիջապես՝ իմանալով, որ վիրուսներ են։ Խնդրում եմ ինձ օգնեք այդ ոչ ցանկալի նկարներն ու տեսանյութերը արմատախիլ անել, արգելելով դրանց հայտնվելը իմ էջում, կամ իմ անունով այլուր տարածվելը։ Աղաչում եմ Ձեզ………..»:

Նշենք, որ ֆեյսբուքյան այլ օգտատերերի կողմից գրառումանը հաջորդել են հուսադրողական, հայր սուրբին քաջալերող մեկնաբանություններ, ինչպես օրինակ. «…հավանաբար աղանդավորական խմբերին պատկանող անհատներ են, որոնք ուզում են մեր հոգևորականներին զրպարտել: Սա ստոր և ճղճիմ քայլ է», «Հայր սուրբ, կարծում եմ, որ ուղղակի պետք է անտեսել դրանք։ Մի՛ կպեք դրանց, առավել ևս մաքրեք, ինչքան շատ եք մաքրում, եռակի ու քառակի շատանում են։ Այնպես որ թողեք՝ իրեն-իրեն կանցնի։ Համբերություն…», «Ասում են՝ այդ նկարները տարածողները հոգևորականներ են ու ԳԼԵՄ (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միություն), պատկերացնո՞ւմ եք», «Հայր Կոմիտաս, ինձ էլ էին ուղարկել, աչքերիս չհավատացի, ուղարկողը շուտով հասարակության պարսավանքին կենթարկվի, ոչինչ գաղտնի չի մնում, մի անհանգստացեք… ահա թե ովքեր պետք է լա՜վ ծեծվեն…» և այլն:

Արվել են նաև մեկնաբանություններ, որոնք հղում են կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների խորհուրդներին, որոնց համաձայն պարզապես պետք է համակարգիչը հակավիրուսով scan անել, ապա ջնջել և կրկին ներբեռնել Google Chrome ծրագիրը:

Ինչևէ, ստեղծված իրավիճակի և Կոմիտաս վարդապետ Հովնանյանի անհանգստության պատճառն իմանալու համար Armlur.am-ը զրուցեց հենց նրա հետ, ով մեզ ասաց, թե ինքը գիտեր, որ դա սոցցանցի վիրուսն է և մտածել է այն միայն ինքն է ստանում, սակայն երբ իր անունով այն տարածվել է նաև ընկերների էջերին, հայր սուրբն ավելի է մտահոգվել և անհանգստացել:

«Չգիտես՝ ինչու այդ վիրուսները սահմաններն են ընդլայնում: Շատերից եմ հետաքրքրվել, նաև մասնագետներից, ասել են, որ դա վիրուս է: Միևնույն է՝ այն որքան գալիս է, ես ջնջում եմ, իսկ իմ էջից հրաժարվել չեմ պատրաստվում: Պարզապես նախկինում նման վիրուսներ չէին հրապարկվում՝ այդքան սարսափելի պատկերներով: Շատ սոսկալի է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Վերջում հավելենք, որ նմանատիպ վիրուսներ պարբերաբար տարածվում են սոցցանցերում: Դրանք հիմնականում պտտվում են ադրբեջանցի հաքերների անվան շուրջ: Սակայն կրոնական կառույցների կամ, ինչպես մեկնաբանություններում է նշվում, աղանդավորականների կողմից վիրուսների տարածման մասին դեռևս չի հիշատակվում: Սակայն ի՞նչ իմանաս…




Լրահոս