«ԽՈԶԻ ԾՆՈՏՆԵՐԻ» ՈՒ «ՓՈՐՈՏԻՔՆԵՐԻ» ՄԱՍՆԱԳԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գլխավոր դատաբժշկական փորձագետ Շոթա Վարդանյանի կենսագրությունը եթե օբյեկտիվորեն  ներկայացնելու պահանջ լինի, ապա կստացվի մի քանի հատոր՝ այն բազմաթիվ խեղաթյուրված դատաբժշկական եզրակացություններով, «սարքված» փորձաքննություններով, որոնք կարող են ներգրավվել համաշխարհային փորձագիտական «կուրյոզների» պատմության մեջ՝ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան ծանոթանալ դատաբժշկական փորձագիտության «անսահման հնարավորություններին»:
Շոթա Վարդանյանի համար եկող տարին հոբելյանական է, որովհետեւ լրանում է քսան տարին, ինչ նա Հայաստանի գլխավոր դատաբժշկական փորձագետն է: 1993-ը Շ. Վարդանյանի կյանքում նշանավոր է նաեւ նրանով, որ ընտրվել է Հայաստանի դատական բժիշկների միության նախագահ: Այսինքն՝ ամեն ինչ կենտրոնացել է նրա ձեռքերում, ինքն է դարձել այն միակ ու ամենակարող մարդը, ում վրա հենվել է դատարանական-դատախազական համակարգը՝ ստանալու ցանկացած դատաբժշկական փորձագիտություն, ցանկացած գործին տալու նախընտրելի ընթացք… 1993-ը մի ուրիշ բանով էլ է նշանավոր Վարդանյանի կյանքում. հենց այդ ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի որոշմամբ Բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնը եւ Դատաբժշկական փորձաքննության բյուրոն միավորվել են՝ դառնալով Դատական բժշկության գիտապրակտիկ կենտրոն՝ արդեն տնօրեն ունենալով Քռի ջուր խմած Շ. Վարդանյանին:
Ամեն ինչ մեկ մարդու ձեռքերում կենտրոնացնելու մղումներն էլ «նյութականացել» են, ու 1996-ին Վարդանյանը նշանակվել է առողջապահության նախարարության բժիշկների լիցենզավորման հանձնաժողովի նախագահ: Մի հետաքրքիր դիտարկում անենք բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Շոթա Վարդանյանի գիտական գործունեության առթիվ. 1974թ. պաշտպանել է «Մահը եւ մահը ստացիոնարներում միոկարդի ինֆարկտից Երեւանում, դրա կախվածությունը օդերեւութաբանական գործոններից» թեմայով թեկնածուական ատենախոսություն Լենինգրադի ԲՎԻ-ում: 1990թ-ին էլ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Որոշ հելիոֆիզիկական, օդերեւութաբանական եւ այլ գործոնների դերը բռնի եւ ոչ բռնի մահվան հաճախականացման մեջ ԽՍՀՄ-ի խոշոր կլիմատիկ տարածաշրջանում» թեմայով: Այսինքն՝ գրեթե ոչ մի գիտական առաջընթաց՝ նույն թեման՝ մի քիչ հարստացված…
Շոթա Վարդանյանի գիտական աշխատանքները, դոկտոր ու պրոֆեսոր լինելու հանգամանքները շատ քչերն են հիշում, որովհետեւ այնքա՜ն շատ են նրա «ծիծաղահարույց» փորձագիտական եզրակացությունները, որ, ինչպես Շեքսպիրն է ասում, «նրա թերությունները ծածկում են նրա առավելությունները»: «… Հասարակության մեջ վստահություն չկա այդ կենտրոնի եւ կենտրոնի երկարակյաց ղեկավարի՝ Շոթա Վարդանյանի հանդեպ, որի ղեկավարման տարիներին ինչ եզրակացություն ասես այստեղից դուրս չի եկել: Երբեմն անգամ կատարվածը գլխովին շուռ են տվել եւ դատական բազում սխալների պատճառ դարձել»,-գրել է մամուլը:
Ուրեմն մեզ չեն կարող մեղադրել սուբյեկտիվիզմի մեջ, մանավանդ որ այս հրապարակումը տեղ է գտել Շ. Վարդանյանի հարցազրույցի նախաբանում, իսկ պարոն ակադեմիկոսն էլ որեւէ հերքմամբ հանդես չի եկել: Իհարկե, նա մետաղյա տրամաբանությամբ հայտարարում է. «Եթե մենք սխալ լինենք, պատկերացնո՞ւմ եք՝ կեղծ եզրակացություն տալու համար մեզ մինչեւ 6 տարի պատիժ է հասնում»: Բայց նա գիտի, որ ոչ ոք իրեն ու իր գործընկերներին վեց տարի չի դատապարտի, ուրեմն կարելի է ցանկացած կեղծիք թույլ տալ…
Իսկ պարոն Վարդանյանի «փորձագիտական» ամենամեծ «գլուխգործոցներից» մեկը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված «եզրակացությունն» էր, երբ նայելով հայ հանրության աչքերին՝ նա հայտարարեց, որ ուսումնասիրելով հայտնաբերված մարմնի մասը, ինքը եկավ այն եզրակացության, որ դա… խոզի ծնոտ էր: Իհարկե, մշտապես խրախճանքի սեղանների շուրջ գտնվող Վարդանյանի աչքին կարող էր մի պահ խոզի ծնոտ երեւալ, եթե նա հարբած լիներ, բայց կարծես թե միանգամայն «օյաղ» էր:
Մարտի 1-ի հետ առնչվող մի հետաքրքիր փաստ էլ հրապարակենք. «Հայկական ժամանակ» թերթի հարցին, թե սովորաբար օրական միջինը քանի դիակ է բերվում դիահերձարան, Վարդանյանը նշեց՝ 6-10 դիակ: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ մարտի 1-ին, իր իսկ խոսքերով, եղել է 30-40 դիակ: «Դա 3 օրվա դիակ է եղել»,-պատասխանեց Վարդանյանը: Այստեղից առաջանում է հաջորդ հարցը. ինչո՞ւ են դիահերձարանում 3 օրվա դիակներ պահվել, մանավանդ եթե հաշվի առնենք Վարդանյանի այն խոսքերը, որ հայերի մոտ սրբություններ կան, հետեւաբար ոչ ոք 3 օր դիահերձարանում դիակ չէր թողնի այն պարզ պատճառով, որ մեզ մոտ հանգուցյալին հուղարկավորում են մահվան երրորդ օրը: Բացի այդ, գլխավոր դատաբժիշկը, փաստորեն, նաեւ խոստովանեց, որ մարտի 1-ի զոհերի հետ կապված տեղեկատվությունը նա վերահսկել է, եւ նպատակը եղել է այն, որ աղմուկ չբարձրանա: Դա նա ասաց եւ ոչ թե ուրիշ մեկը: Այսինքն՝ նույն հաջողությամբ նա կարող է դիակ թաքցնել, մահվան իրական պատճառ թաքցնել եւ այլն:
Երեկ Շոթա Վարդանյանն ասաց նաեւ, որ մարտի 1-ի առաջին զոհը դիահերձարան է բերվել ժամը 21:40, հաջորդը` 21:50, մյուսը` 21:55. «Մնացածը բերվել են ավելի ուշ»: Ստացվում է, որ պարոն Վարդանյանը խոստովանել է իր կատարած հանցանքը, այն է՝ լիազորությունների վերազանցում, սակայն ոչ ոք նրա նկատմամբ քրգործ չի հարուցել… Եւ ինչպե՞ս կարող էին գործ հարուցել, եթե Շ. Վարդանյանը համակարգի ամենավստահելի հենարաններից մեկն է, անգամ մեծահարուստ մարդ, որը բազմաթիվ ունեցվածքներ է ձեռք բերել այս ընթացքում: Չնայած, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նա երկու էլիտար բնակարան է կորցրել Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքերից մեկում: Տուժել է մոսկովյան «ժուլիկ» բրոքերների խաբեության արդյունքում: Բայց երեւի այս կորուստները նրան շատ չեն վշտացրել, որովհետեւ հո ձեռքը քարի տա՞կ չէ…
Ի դեպ, վերջերս կառավարության շենքի մոտ ցույց անող զոհված զինվորների մայրերը հայտարարում էին, թե Շոթա Վարդանյանի ցուցումով դիահերձարաններում գոյացած մարմնամասերն ուղարկվում են կենդանաբանական այգի…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս