Եղանակները գնալով թեժանում են՝ բոլորի հայացքներն ուղղելով դեպի հանգստավայրեր: Որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը. մնալ ու վայելել հայրենի բնությունն ու շարունակել ուսումնասիրել հայրենիքի պատմամշակութային վայրե՞րը, թե՞ դուրս գալ ծովափնյա հանգստավայրեր: Ոմանք արդեն կողմնորոշվել են, ոմանք էլ քսակի պարունակությունը հաշվել ու հասկացել են՝ ամառային լավ հանգիստն իրենց գրպանի բանը չէ: Իսկ թե որտեղ եւ ինչպես են պատրաստվում իրենց ամառային հանգիստն անցկացնել քաղաքական դաշտի ներկայացուցիչները, փորձեցինք պարզել հենց իրենցից:
ՀԱՐՑ. Ո՞րտեղ եւ ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել Ձեր ամառային հանգիստը: Որքա՞ն գումար եք նախատեսել այն առավել հաճելի եւ օգտակար անցկացնելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգստանալու չի մեկնի: Նա ամռանը եւս լինելու է Երեւանում՝ իր առանձնատանը: Նախագահ Տեր-Պետրոսյանն այդպես է անցկացնում իր հանգիստը:
ՀԱԿ մամուլի քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռեւս որոշված չէ, թե երբ եմ գնալու արձակուրդ, բայց 2 շաբաթ արձակուրդ ունեմ: Ճիշտն ասած, դեռեւս պարզ չէ նաեւ՝ երկրից դուրս եմ գալու, թե ոչ, քանի որ Երեւանում եմ հիմնականում հանգստանում: Գումար չեմ նախատեսել, որովհետեւ նման բաներին նախ ուշադրություն չեմ դարձնում: Ես հեշտ հանգստացողներից եմ. հաց ու պանրով էլ կարելի է շատ լավ հանգստանալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռ չեմ գնացել արձակուրդ, բայց ամառային արձակուրդս կանցկացնեմ Երեւանում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարոն Աբրահամյանը դեռ չի որոշել՝ արձակուրդի մեկնելու է, թե ոչ, բայց եթե վերցնի, ապա կարճատեւ՝ մեկշաբաթյա արձակուրդ կվերցնի, եւ ամենայն հավանականությամբ այն կանցկացնի Հայաստանում:
Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամառային հանգիստս կանցկացնեմ Ջերմուկում՝ ընկերոջս մոտ: Ինչքան եմ նախատեսել՝ սա անձնական բնույթի հարց է, չեմ կարող պատասխանել, բայց ասեմ, որ շատ չէ:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Գագիկ Ծառուկյանը Լոնդոնի օլիմպիական խաղերին է պատրաստվում հետեւել: Դեռեւս արձակուրդի հարց չի քննարկվել:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ