ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՏԻՄ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն հայրենի կուսակցությունները կարծես հապաղում են որոշում կայացնել, թե ովքեր են լինելու այն թեկնածուները, որոնք պետք է մրցեն Գյումրու քաղաքապետի աթոռի համար: Ամենաինտրիգայինն այն հարցն է, թե աչդյոք Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ կառաջադրի իր թեկնածությունը:
Այս օրերին հանրապետականները նեղ շրջանակներում չեն թաքցնում, որ հնարավոր է՝ Ղուկասյանին չսատարեն, այլ ընտրությունը կանգնի բոլորովին այլ թեկնածուի վրա: Իսկ այդ թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Թեեւ վերջինս մեզ հետ  զրույցում հերքել էր, որ կլքի ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, հավանական տարբերակը հետեւյալն է, որ Բալասանյանը կդառնա անկուսակցական, իսկ ՀՀԿ-ն էլ այս դեպքում կսատարի ոչ թե ԲՀԿ-ական, այլ անկուսակցական թեկնածուի: Ի դեպ, հանրապետականները շեշտում են, որ եթե կուսակցությունը որոշի սատարել մեկ այլ թեկնածուի, Վարդան Ղուկասյանը, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է, պարտավոր է սատարել այդ թեկնածուին:
«Ինչ որոշեց կուսակցությունը, նա ենթարկվելու է կուսակցության որոշմանը»,-նշեց ՀՀԿ անդամ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը: Նրա խոսքերով՝ իրենք հիմա անգամ տեղյակ չեն՝ կուսակցության քաղխորհրդի քննարկումներում գործող քաղաքապետի անունը՝ որպես Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու, շրջանառվում է, թե ոչ: Չի բացառում, որ կլինեն անակնկալներ:
Ենթարկվելու մասով Ալեքսանովի ասածն ուշագրավ է, քանի որ  Ղուկասյանը վերջերս համառորեն հայտարարում էր, որ անկախ կուսակցության որոշումից՝ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը: Սակայն հիմա կարծես խոսակցություններն այլ հարթություն են տեղափոխվում: Ըստ երեւույթին՝ իշխանական կուլիսներում նրան արդեն հասկացրել են, որ պետք է հնազանդ լինել եւ գլխիկոր հետեւել կուսակցության որոշումներին: Ղուկասյանն էլ հիմա փորձում է մանեւրել, թե ինքը ոչ թե ըմբոստանում է, այլ գյումրեցիների ցանկությունն է կատարում:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն եւս կունենա իր թեկնածուն Գյումրիում: Այդ մասին ասել էր ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը: Միայն թե ՀՅԴ-ն էլ չի շտապում հայտարարել թեկնածուի անունը: «Ժառանգության» տեղի պատասխանատուից էլ ճշտեցինք, որ այս կուսակցությունը դեռեւս չի կողմնորոշվել՝ կունենա թեկնածու առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ, թե ոչ: Իսկ ՀԱԿ գրասենյակից միանշանակ հայտարարում են, որ չեն պայքարելու Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս