Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործում է փոքր ու միջին 158 խանութ եւ ընդամենը մեկ սուպերմարկետ, որին էլ հենց բաժին է հասնում ամբողջ քաղաքի խանութներում իրականացվող մանրածախ առեւտրի շրջանառության առյուծի բաժինը:
Հրազդանի գործարարներից Արամը կարծում է, որ դա ուղղակի կործանարար է իրենց փոքր առեւտրային ցանցերի համար. «Բերել, սուպերմարկետը բացել են Ծաղկաձոր տանող ճանապարհի վրա: Անցնող-դարձող էդտեղից են առեւտուր անում, իսկ տեսնեք՝ ինչ է կատարվում «Սթար»-ում նպաստի ու թոշակի օրերին: Հրազդանի բնակիչները դատարկում են էդ խանութը: Էլ մեզ որտեղի՞ց առեւտուր, շրջանառություն, որ հարկայինն էլ մեզ ճնշում է: Էդ ինչի՞ վերեւներում դրանով չեն զբաղվում, բա ասում են՝ տնտեսական մրցակցությունը մեր երկրում ապահովվո՞ւմ է»:
«ՏՄՊՊՀ-ն չունի ռեսուրսներ՝ մարզերում գտնվող սուպերմարկետներում ամենօրյա վերահսկողություն իրականացնելու, ուստի ԶԼՄ-ների, ձեռներեցների, անգամ քաղաքացու կողմից հնչեցրած ահազանգերը կարող են մոնիթորինգ անցկացնելու հիմքեր տալ,-ասում է ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյանը,-կրպակատերերը հազվագյուտ դեպքերում են բողոքում, իսկ շատ անգամ էլ դիմումներն ուղղակի անհիմն են: Եթե Հրազդանում իսկապես ստեղծված է առեւտրային մրցակցային անհավասարություն, ապա փաստերի առկայության դեպքում կկատարենք հետազոտություն»:
Գաղտնիք չէ, որ ամեն մի սուպերմարկետի բացումից հետո շրջակայքում վերանում են կրպակները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցնում են, որ լրջորեն զբաղվում են այս հարցով: Ըստ կառույցի՝ օրենսդրությունը թույլ է տալիս մեծ առեւտրային ցանցերին որոշակի ձեւով ազդել ոլորտի վրա, սակայն դաշտի անկատար լինելու պատճառով նախատեսվում են փոփոխություններ. որոշակի տարածքներում վերանալու են շուրջօրյա գործող սուպերմարկետները, ինչը, հանձնաժողովի կարծիքով, կօգնի կրպակատերերին սուպերմարկետների ոչ աշխատանքային ժամերին գումար վաստակելու հարցում:
«Սթար» առեւտրային ցանցի հասարակայնության հետ կապերի եւ բրենդինգի բաժնի ղեկավար Կարինե Ղազարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այժմ իրենք ունեն զարգացման այլ ռազմավարություն: Սուպերմարկետի բացումով առեւտրային ցանցը փորձում է ավելի մոտ լինել հաճախորդին: Կրպակներն, ըստ Ղազարյանի, իրենց մրցակից չեն կարող լինել եւ հակառակը, սուպերմարկետը չի կարող փոքր խանութների մրցակիցը լինել, քանի որ վերջիններս ունեն մրցակցային մեկ առավելություն՝ «նիսյայով առեւտուր»:
«Մինչ որեւէ տեղ սուպերմարկետ բացելը մենք մանրամասն ուսումնասիրում ենք տվյալ տարածքում գործող մեր մրցակիցներին, ծանոթանում ենք առաջարկվող ծառայություններին եւ գներին, որոնց արդյունքում էլ հանդես ենք գալիս հաճախորդի համար լավագույն առաջարկներով»,-ասում է Ղազարյանը:
Ըստ ՏՄՊՊՀ-ի տեղեկությունների՝ շատ դեպքեր են արձանագրվել, երբ սուպերմարկետը տուգանվել է գերիշխող դիրքի չարաշահման համար, օրինակ` նոր բացված մեծ առեւտրային ցանցի սուպերմարկետն ուսումնասիրում է շրջակա խանութներում ապրանքների գները եւ դիտավորյալ իջեցնում սեփական գները:
ՀՀ ներկայիս օրենսդրությամբ՝ նոր առեւտրային կետերի բացման համար սահմանափակումներ գոյություն չունեն: Դրանց բացման թույլտվությունը վերապահված է ՏԻՄ-երին: Թե ինչու քաղաքային իշխանությունները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սուպերմարկետի առկայությունը կվնասի տեղական առեւտրին, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից: «Այն ոչ մեկին չի վնասում, ընդհակառակը, հողի եւ գույքահարկը մուծում ա ժամանակին»,-եղավ պատասխանը:
Գործնականում սուպերմարկետներ կարելի է բացել ցանկացած տեղում, սակայն տվյալ դեպքում «Սթար»-ը ոչ միայն դժվարին կացության մեջ է դնում կրպակատերերին, այլեւ վնաս է հասցնում քաղաքային բյուջեին, որովհետեւ գործունեություն ծավալելով Հրազդանում՝ այն գրանցված է մայրաքաղաքում, ուստի հարկերը գնում են գրանցման վայրի բյուջե: Ոլորտի կարգավորման համար ներկայում շրջանառության մեջ է գտնվում մի օրինագիծ, որը կիրառելու դեպքում կսահմանափակվեն որոշակի տարածքում սուպերմարկետներ կառուցելու հնարավորությունները:
«ՍԹԱՐ»-Ը «ԽԺՌՈՒՄ» Է ՓՈՔՐԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ