ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամիսներին Գյումրին աչքի է ընկնում հանցագործությունների աճով: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վերջերս աշխատանքից ազատվեց ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վարուժան Շաշիկյանը: Շրջանառվում էին տեղեկություններ, թե պատճառը հանցագործությունների աճն է Գյումրիում: Սակայն փդրանից հետո էլ իրավիճակը չփոխվեց, եւ պարբերաբար լսում ենք հերթական զարհուրելի դեպքի մասին:
Այս անգամ զինված ավազակային հարձակում է եղել Գյումրու Վազգեն Սարգսյան 6 շենքի 1-ին բնակարանում: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ի գիշերը՝ 04-04:30-ի սահմաններում: Դիմակավորված երկու անհայտ անձ ավազակային հարձակմամբ եւ ուրիշի գույքին տիրանալու դիտավորությամբ, նախապես մեկմեկու հետ հանցավոր համաձայնության գալով, Վազգեն Սարգսյան 6 շենքի 1-ին բնակարանի բաց փեղկից ապօրինի մուտք են գործել 1953թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Հովհաննիսյանի բնակարան:
Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը փոխանցեց, որ բնակչուհու ունեցվածքն ու գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ դիմակավորված անձինք արթնացրել են Ջուլիետա Հովհաննիսյանին, ննջասենյակից տեղափոխել հյուրասենյակ, կպչուն ժապավենով կապել բազկաթոռին, դանակի գործադրմամբ նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելով, պահանջել են ասել ունեցած գումարի եւ ոսկյա զարդերի տեղը, այնուհետ հափշտակելով տանտիրուհուն պատկանող ոսկյա զարդերը, մի քանի շիշ խմիչք ու քաղցրավենիք՝ հեռացել են:
Մեզ չհաջողվեց հանդիպել Ջուլիետա Հովհաննիսյանի հետ: Հարեւանները փոխանցեցին, որ կեսօրին ոստիկանները նրան տարել են դատաբժշկական փորձաքննության: Պատմեցին նաեւ, որ Ջ. Հովհաննիսյանը միայնակ է բնակվում, աշխատում է Գյումրու հարկային տեսչությունում որպես ավագ մասնագետ: Կատարվածը նրանք աննախադեպ են որակել, թաղամասում սա ավազակային հարձակման առաջին դեպքն է: «Մեր տուն զանգեց առավոտ ժամը 6-ին եւ լացելով ասաց՝ եկե՛ք մեր տուն: Զգացի, որ լավ չի զգում: Գնացինք եւ իմացանք եղելությունը: Թեւերի վրա կապտուկներ կային, վզի շրջանում էր կպչուն ժապավենը: Մենք ենք պոկել: Քերծված տեղեր էլ կային: Թե դանակի հետք էր, ինչ էր, չեմ կարող ասել»,-պատմեց նույն շենքի բնակչուհին:
Քննիչի փոխանցմամբ՝ փաստի առթիվ ՀՀ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Այս պահի դրությամբ կասկածյալներ չկան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս