Ես կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արձագանքը ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պարզապես ուշացած էր: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ և անդրադարձավ օրեր առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած կուրսանտի սպանությանը:
«Պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտմամբ է եղել սպանությունը: Ոգելիչ խմիչքների օգտագործում է եղել, այնուհետև՝ վիճաբանություն Հայկազ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև: Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք, և այն վեր է ածվել սպանության: Քրեական գործը հարուցվել է, մեղավորների չորս շրջանակ կա, որոնք ձերբակալված են»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով` ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության պատասխանատուներն այդ նույն ինստիտուտի որոշ սպաներ են:
«Ինչի միայն կուրսանտին սպանողնե՞րն են խմած եղել: Շատ սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել, և այն էլ՝ մի այնպիսի հաստատությունում, որտեղ ապագա սպաներ են պատրաստում: Այսինքն` այն բոլոր խնդիրները, որոնք մենք զինված ուժերում ունենում ենք, պայմանավորված են հենց սպաների կրթվածության մակարդակով, և այդ տեսակետից այս հանցագործությունն ունի համակարգային լուրջ մարտահրավեր և համակարգային լուրջ խնդիր է բացահայտում»,- նշեց իրավապաշտպանը` հավելելով. «Պաշտպանության նախարարի արձագանքը ես համարժեք եմ համարում, սակայն կարծում եմ, որ այն ուշացած էր, որովհետև երկու տարի առաջ մեկ այլ՝ վանաձորցի կուրսանտի սպանությունը տարբեր մեթոդներով կոծկվեց: Եթե այս դեպքին համապատասխան արձագանք լիներ, միգուցե, Հայկազ Բարսեղյանի սպանությունը տեղի չունենար: Այսինքն` պետք էր այդ դեպքը նույն ջանասիրությամբ կանխել, քննել և եզրահանգումներ անել: Եթե այդպես լիներ, այս դեպքը, համոզված եմ, տեղի չէր ունենա»:
Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, թե այս դեպքը ջրի երես հանեց այն հանգամանքը, որ ռազմական հաստատությունում էլ կան այսպես կոչված «նայողներ»:
«Այդ «նայողները» մեկ օրում ի հայտ չեկան, նայողների ինստիտուտը եղել է, և նրանց անմիջական հովանավորները բարձր պաշտոններ զբաղեցնողներն են: Հետաքրքիր է` արդյոք միայն այդ 4 -ն են խմած եղել, ինչպես է այդ ոգելից խմիչքը հայտնվել ռազմական ինստիոտուտում, և ինչպես են կարողացել օգտագործել այդ ոգելից խմիչքը»,- ասաց Սաքունցը:
Վերջինիս բնորոշմամբ` այս գործի անմիջական պատասխանատուներն ինստիտուտի ղեկավարներն են, և 40 կամ 50 հոգուն ռազմական ինստիտուտից հեռացնելը քիչ է. նրանց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: