Քիչ առաջ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը համացանցի իր էջում հայտարարություն տարածեց այն մասին, որ հունվարի 15-ի Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանը (1993.թ) և տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:
Լևոն Բարսեղյանի փոխանցմամբ՝ Գյուղացիները խիստ բորբոքված են այս ձերբակալության պատճառով, հետևանքները դժվար կանխատեսելի են: Սառնաղբյուրը գտնվում է Գյումրիից 27 կմ հարավ՝ Գյումրի-Երևան ավտոմայրուղոց ոչ հեռու:
«Երիտասարդին անցած օրերին մի քանի անգամ տարել են ոստիկանություն և հարցաքննել ոստիկանների հետ բախումների գործով:
Հունվարի 14-15-ին ՀՀ քաղաքացիները ոտքի էին ելել՝ բողոքելու ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության դեմ այն բանի համար, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը գտնվում է ՌԴ սահմանադրության պաշտպանության ներքո: Իսկ հունվարի 15-ի երեկոյան ոստիկանությունը, փակելով Գյումրիի կենտրոնական Գ. Նժդեհի փողոցը, ապօրինաբար խոչընդոտեց խաղաղ ցուցարարների երթը և սադրանք հրահրելով՝ կռիվ սարքեց նրանց հետ»,- ասվում է հայտարարության մեջ: