Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այս պահին ընթանում է ԲՀԿ խորհրդաժողովը, որին ներկա են կուսակցության անդամներ, արտախորհրդարանական ուժեր, ազատամարտիկներ և այլք:
Խորհրդաժողովի սկզբում ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու համար և ընդգծեց, թե դա նշանակում է, որ ներկաներն անտարբեր չեն առկա խնդիրների հարցում: Նա բոլորին կոչ արեց չհիասթափվել մարդկանց անտարբերությունը կոտրելու գործում:
Ծառուկյանի խոսքով՝ իրենք մարզային շտաբները ստեղծել են, որպեսզի լինեն մարդկանց կողքին, լսեն նրանց: «Իսկ նախնական արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է», – հայտարարեց նա:
ԲՀԿ առաջնորդի պնդմամբ՝ վերջին իրադարձությունները` Գյումրիի սպանությունը, անտանելի գնաճը, սահմանային դեպքերն էլ լցրել են ժողովրդի համբերության բաժակը:
«Ֆինանսական շուկայի տատարնումները ցույց տվեցին, որ մեր տնտեսությունը փխրուն է: Ես այդ մասին ահազանգում էի դեռևս 4-5 տարի առաջ: Ժողովրդի մոտ ակնհայտ է իշխանության հանդեպ անվստահությունը: Մտածեք այս ուղղությամբ և արեք ճիշտ հետևություններ: Տնտեսական, սոցիալական ճգնաժամը կարող է հեշտությամբ վերածվել իշխանական ճգնաժամի և դա կլինի անկառավարելի»,- նշեց նա:
Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ քաշված 12 կետերին` Ծառուկյանը նշեց, որ երկրում կան ոչ թե 12, այլ 112 հարցեր և խնդիրներ: «Մենք առաջ քաշեցինք 12 կետերը, որոնք արագ լուծելի էին: Երկրում առկա է սոցիալական, տնտեսական անկայուն մթնոլորտ: Երկրում ամրապնդվում է հոգեբանական ծանր մթնոլորտ: Պետք է ձևավորել արդյուանվետ համակարգ: Դրա համար պետք է ձևավորել ընտրական համակարգ, որտեղ մենաշնորհ չի լինի: Ես բազմիցս ասել եմ, որ ինձ համար թշնամիներ չկան: Այսօր ՀՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղից դուրս վիճակում են համարում: ՀՀ-ում պետք է լինեն իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն խորհրդարան: Այդ դեպքում խաղի միակ կանոնը կլինի պետության շահը»,- նկատեց ԲՀկ առաջնորդը:
«Իշխանություններին պետք է հասկացնենք, որ ժողովուրդը կանգնած է կործանման եզրին: Մենք շարժվում ենք առաջ մեր երկրի և մեր ժողովրդի առջև պատասխանատվության զգացումով: Ստիպելու ենք իշխանություններին զգալ պատասխանատվության զգացում: Պետք է պատրաստվենք բոլոր ընտրություններին, որ վերջ տանք քաղաքական մենաշնորհներին: Եթե մեր քայլերը չկատարվի, ժողովրդին մնում է մի բան` պարտադրել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, եթե առկա խնդիրները պահանջում են իշխանության փոփոխություն, այդպես էլ պետք է լինի», – եզրափակեց նա: