«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր մասնակցում էր ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին: Նա նշեց, որ երկրում ստեղծված այս իրավիճակի համար մեղավոր են բոլորը:
«Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ մտավորականությունը, և՛ աշխարհի բոլոր հայերը: Մենք պայքարի դուրս եկանք, որ հայրենիք ունենանք, որ հայի պատիվը հետ բերենք: Մենք ուզում էինք երկիր ստեղծել, որ հայի անձնագիրը բացելուց փշաքաղվեին, հասկանային, որ մենք ունենք ժողովուրդ, ունենք զավակներ, ովքեր պատրաստ են փրկել երկիրը: Բայց այսօր մենք ին՞չ ունենք. ունենք գզգզված, ոտնահարված, աղքատիկ շորերով Հայաստան, որ մարդ ամաչում է հայ անվանելուց: Մենք ամեն տեղ տանուլ ենք տալիս, որովհետև մարդիկ ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում»,- հայտարարեց Մանվել Եղիազարյանը:
Նրա խոսքով` դատապարտված է այն իշխանությունը, որը մեղանչում է իր խղճի դեմ: «Մեզ պետք են արմատական փոփոխություններ, ինչքան շուտ, այնքան լավ, քանզի վաղը մեզ բոլորիս անիծելու են մեր սերունդները: Մենք տանուլ ենք տալիս, և պետք չէ կառչենք կյանքի փեշից»,- եզրափակեց նա: