«Եթե որդուս բաց չթողնեն, քայլերիս համար պատասխանատու չեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 21-ամյա Մնացական Ալեքսանյանի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե որդուն բաց չթողնեն ոստիկանական բաժանմունքից, ինքն իր հետագա քայլերի համար պատասխանատու չէ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է Մնացական Ալեքսանյանը և տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:

Ձերբակալվածի հայրը նշեց նաև, որ ինքը միայն ցանկանում է հարցին արագ լուծում տալ, Շիրակի դատախազություն է գնացել բանակցելու նպատակով և հանդիպում է պահանջում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ:

«Այսօր առավոտից դատախազությունում եմ: Ոչ մի նորություն, ոչ մի բան դեռ չկա: Ես հաստատ գիտեմ, բոլորին էլ ասում եմ, որ էրեխաս ոչ մի բան էդ օրը չի արել, կռվողներին էր բաժանում, հանգստացնում»,- զայրացած ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ ինչու են իրավապահները հենց նրա որդուն ընտրել ձերբակալության համար, Մարտիրոս Ալեքսանյանը նշեց. «Արդեն բոլորին էլ ասել եմ, որովհետև որդիս Ասկերանում ծառայել է, երկու դիվերսիա է հետ մղել ու պարգևատրվել: Ու հիմա էլ ամբողջ գյուղն է ոտքի ելել»:

Armlur.am-ը զրուցեց նաև Մնացականի մոր՝ Հայկանուշ Ալեքսանյանի հետ, ով, պարզվեց, որդուն ձերբակալելու նախորդ օրը վիրահատվել է: Հուզված և վրդովված՝ մայրն ասաց, որ վաղ առավոտից ամուսնուն է սպասում. որևէ նորություն չունի ո՛չ որդուց, ո՛չ ամուսնուց:

«Ախր էս ի՞նչ փորձանք եկավ մեր գլխին: Էրեխուս ինչի՞ համար են տարել: Մարդ բան չի հասկանում: Էդ ի՞նչ հանցանք է ինքը գործել, որ արդեն երկրորդ օրն է՝ տուն չեն թողնում»,- շարունակեց Մնացական Ալեքսանյանի մայրը:

Նշենք, որ Շիրակի մարզի դատախազությունում այս պահին խորհրդաժողով է անցկացվում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և Շիրակի գլխավոր դատախազի մասնակցությամբ:




Լրահոս