Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, շահադիտական դրդումներով Արթուր Կ.-ին ու Սուրեն Ք.-ին առևանգելու և Արթուր Կ.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել է վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արթուր Կ.-ն ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին անհայտ անձինք բռնության գործադրմամբ առևանգել են իրեն ու ընկերոջը, տարել անծանոթի տուն, որտեղ, շուրջ մեկ ժամ պահելով, իրեն ստիպել են գրել իր ծանոթ Արմեն Կ.-ին 1 մլն. 500 հազ. ԱՄՆ դոլար պարտք լինելու վերաբերյալ պարտավորագիր, այնուհետև իրենց բաց են թողել:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում, որը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով վարույթ էր ընդունվել, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Արթուր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գերշահույթ ստանալու միասնական դիտավորությամբ իր ՍՊ ընկերությանը պատկանող հողակտորները վաճառել է առանց օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրերը փաստաթղթավորելու: Արթուր Կ.-ն պետական բյուջեի նկատմամբ առաջացած հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր պատկան մարմիններ չի ներկայացրել, փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` չարամտորեն խուսափելով առանձնապես խոշոր չափերի՝ 608 մլն. 400 հազ. ՀՀ դրամ գումարի չափով հարկերը վճարելուց:
Արթուր Կ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: