Հունվարի 31-ին հայ հանրությունը ցնցվեց Արցախից ստացված լուրից: ԼՂՀ ոստիկանությունը Բերձորի հատվածում կանգնեցրել էր Ստեփանակերտ ուղեւորվող «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ավտոշարասյունը, մասնակիցների նկատմամբ դաժան բռնություն կիրառելով՝ ստիպել ետ շրջվել եւ վերադառնալ Երեւան: Հարձակված անձինք չէին խնայել անգամ կանանց եւ երեխաներին: ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար: Ակնհայտ է, որ հրամանը տրվել է ամենավերեւից: Թերեւս այդ մարդը, ով էլ նա լինի, հաստատ ուղեղով չի մտածել: «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները ֆիզիկապես տուժել են, քանի որ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց կկազդուրվեն: Իսկ տեղի ունեցածի քաղաքական հետեւանքն այլեւս հնարավոր չի լինի շտկել: Մեկ հրամանով ջուրը գցվեց հայկական կողմի 23 տարվա՝ Արցախը ժողովրդավարական երկիր ներկայացնելուն միտված աշխատանքը: Ի՞նչ են ցանկացել ապացուցել ավտոերթի մասնակիցների վրա հարձակվողները, որ իրենք մարդ ծեծելու գործում վարպետացե՞լ են, թե՞ որ իրենք պատրաստ են հոշոտելու ընդդիմադիր հայացք ունեցողներին: «100-ամյակն առանց ռեժիմի», կամ նույն է թե՝ «Նախախորհրդարան», կամ այժմ արդեն իրենց «Հիմնադիր խորհրդարան» ներկայացողների նախաձեռնությունն արդեն երկու տարուց ավել է, ինչ գոյություն ունի, բայց միեւնույն է՝ Հայաստանի հանրության շրջանում այն երբեք լայն արձագանք չի գտել: Եթե այս նախաձեռնության անդամների վրա հարձակումները չլինեին, ապա այն հանրության ուշադրությանը երբեւէ չէր էլ արժանանա: Թերեւս պետք է արձանագրել, որ Բերձորում կատարվածի հրաման տվողը սովորական հանցագործ չէ, այլ պետական դավաճան:
Թերեւս միայն Հայաստանում կարող է այնպես պատահել, որ սնանկ ճանաչված ընկերությունը երկրի հազար խոշոր հարկատուների ցուցակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնի: Այո՛, ասվածի մեջ անճշտություն չկա. «Արմավիա» ավիաընկերությունը 2014 թվականի հազար խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 7 միլիարդ 176 միլիոն 510 հազար դրամ հարկային վճարումներով: Հիշեցնենք, որ նախկինում հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիան» իր չվերթները դադարեցրել է դեռեւս 2013 թվականի ապրիլի 1-ից: Իսկ այս տարվա աշնանը ընկերությունը սնանկ ճանաչվեց: Ընկերությունն ունի մոտ 130 պարտատեր, որոնց թվում են ընկերություններ, բանկեր, նախկին աշխատակիցներ եւ հարկային ծառայությունը: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց «Արմավիայի» գործունեության ծաղկման շրջանը, սակայն անգամ այդ ժամանակ խոշոր հարկատուների 20-յակում չի եղել Բաղդասարովի ընկերությունը: Փաստորեն, կուտակած պարտքերի մի զգալի մասը վճարելով՝ մեխանիկորեն «Արմավիան» հայտնվել է խոշորների ցանկում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են: «Կոնկրետ կա կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է»,-ասաց ԳՄ ներկայացուցիչը: Այդ կազմակերպությունը թերեւս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն» է: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ ՀՅԴ-ն «լքածները», որպես կանոն, այնուհետեւ հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին: Եվ այս գործընթացին հիմնականում նպաստում են այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ:
Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանելու գործով կալանավորված գնդապետի որդին Գնել Զարմիկի Թեւոսյանն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինիս հայրը՝ Զարմիկ Թեւոսյանը, ռազմական ինստիտուտի պետի տեղակալն է: Ինչպես հայտնի է՝ ինստիտուտի պետը՝ Մարտիկ Կարապետյանը, երեկ ազատման դիմում է ներկայացրել, որը Սերժ Սարգսյանի կողմից բավարարվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զարմիկ Թեւոսյանը եւս ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Ավելին՝ մեզ լուրեր հասան, որ ներկայումս քննարկվում է անգամ գնդապետ Զարմիկ Թեւոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ բացառված չէ, որ հայր ու որդի նույն գործով ազատազրկվեն: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել սպանված կուրսանտի 4 համածառայակցի՝ Վաչե Սահակյան, Մովսես Ազարյան, Գնել Թեւոսյան եւ Նորիկ Սահակյան:
ՀԵՏԱՁԳՈՂԱԿԱՆ
Շրջանառության հարկի մասին օրենքի վիճահարույց պահանջը` ապրանքների փաստաթղթավորման կիրառումը եւս հինգ ամսով հետաձգելու` ՀՀ Կառավարության որոշումը, մեղմ ասած, տարակուսելի է: Ինչպես հայտնի է՝ օրենքի այս պահանջը պետք է սկսեր գործել դեռեւս անցած հոկտեմբերին, սակայն ՓՄ ձեռներեցների համընդհանուր բողոքի ալիքի արդյունքում Կառավարությունը որոշեց հետաձգել օրենքի այս դրույթի կիրառումը: Ինչ խոսք, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, դա միանգամայն ճիշտ որոշում էր Կառավարության կողմից: Սակայն դրա հետ մեկտեղ՝ ակնկալվում էր, որ այդ ժամանակահատվածում Կառավարությունը պետք է մշակեր այնպիսի տարբերակներ, որոնք կբավարարեին երկու կողմերին էլ, եւ այս բարեփոխման իրականացման համար սահուն անցման հնարավորություն կստեղծեին:
Մինչդեռ, ինչպես տեսանք, այս երեքուկես ամիսների ընթացքում Կառավարությունը, փաստորեն, մատը մատին չէր խփել եւ անհասկանալի տրամաբանությամբ սպասում էր, որ ՓՄ ձեռներեցներն այս անգամ պիտի ընդունեին այն, ինչն անընդունելի էր նրանց համար տակավին վերջերս: Թե ինչ է սա` պաշտոնական անգործություն թե անմեղսունակություն, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մինչեւ ժողովուրդը, տվյալ դեպքում՝ մանր եւ միջին ձեռնարկատերերը, չեն նախաձեռնում բողոքի լայնամասշտաբ ակցիաներ, մեր Կառավարությունը չի նկատում, կամ էլ ձեւացնում է, թե չի նկատում առկա խնդիրը:
Այս անգամ, համաձայն Կառավարության ներկայացրած տեղեկատվության, որոշվել է առաջիկա ամիսների ընթացքում այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնք մինչեւ 58 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ։ Երեկ էլ Աժ-ում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո նշվեց, որ Աժ ոչ իշխանական ուժերի եւ Կառավարության մոտեցումները կարծեք թե համընկնում են ամենակարեւոր խնդրի` կամավորության սկզբունքով փաստաթղթավորման անցնելու հնարավորության շուրջ:
Արդյո՞ք մինչ հուլիսի 1-ը Կառավարությունն ու ԱԺ-ն կկատարեն խոստացված փոփոխությունները, դժվար է ասել, հատկապես որ հուլիսի 1-ից սկսվում է արձակուրդային շրջանը, եւ ձեռներեցներին հերթական անգամ հուսախաբ անելու դեպքում թե՛ Կառավարությունը, թե՛ Աժ-ն կոչ կանեն սպասել մինչեւ աշուն, դե, իսկ դրանից հետո էլ, ըստ ամենայնի, առեւտրականները կհամակերպվեն: Գուցե սա չափազանց հոռետեսական կանխատեսում է, սակայն հատկապես Հովիկ Աբրահամյանի ղեկավարած Կառավարության փորձը, թեկուզ կարճատեւ, բայց լի է նմանատիպ օրինակներով, որոնցից ամենացցունը կուտակային կենսաթոշակային համակարգի օրինակն է: Այնպես որ, այդ թվացյալ անմեղսունակությունը բավականին լավ հաշվարկված գործելաոճ է. հարցի լուծումը ձգձգել այնքան, մինչեւ այն պահանջողները վերջնականապես հոգնեն: