Տարբերակում՝ սահմանամերձ գյուղերի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. օգոստոսի 4-ին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի պարբերական գնդակոծությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ եւ Այգեձոր համայնքներ, ծանոթացավ այդ գյուղերի հիմնահարցերին:

Վարչապետը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին պատվիրել էր ներկայացնել սահմանամերձ համայնքի ուսանողների ցուցակը` նրանց ուսման վարձը փոխհատուցելու նպատակով: Հետագայում վարչապետի խոստումը վերաբերեց նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանագոտու այլ բնակավայրերի ուսանողներին: ՀՀ երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության, կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ կհոգա Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր եւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղերի ուսանողների ուսման վարձը:

Այդ որոշումը վերաբերում է 2015 թվականի երկրորդ կիսամյակին: Տավուշի մարզի սահմանամերձ այլ համայնքների ղեկավարները դժգոհություն են հայտնում, թե ինչու մարզի սահմանամերձ, Ադրբեջանի զինուժի կողմից պարբերաբար գնդակոծվող մյուս գյուղերի ուսանողները չեն կարող օգտվել այդ օգնությունից: Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 8 գյուղ ընդգրկված է Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ 31 համայնքների ցանկում, դրանք ազատված են հողի հարկից, այդ գյուղերի բնակիչները էլեկտրաէներգիայի եւ բնական գազի վարձերը զեղչված են վճարում: Սակայն հիշյալ գյուղերի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցման ցուցակում ներառված չեն: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից միայն Բերքաբերի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս