ՀԱՐԿԵՐԻ ԱՃՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՓՈՔՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է՝ անցած՝ 2014 թվականի 1000 խոշոր հարկատուների առաջին եռյակը նախորդ՝ 2013 թվականի եռյակի համեմատ ավելի քան 10 միլիարդ դրամով պակաս հարկ է վճարել: 2014-ի արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (նախկին «Հայռուսգազարդ»), որը վճարել է 42 մլրդ 812 մլն 641 հազ. դրամի հարկ: 2013-ին այս ընկերությունը վճարել էր 36 մլրդ 79 մլն 495 հազ. դրամ հարկ եւ զբաղեցնում էր խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ հորիզոնականը: «Գազպրոմ Արմենիայի» հարկային վճարումների աճը պայմանավորված է գազի գնի թանկացումով, այսինքն՝ գործնականում այդ գումարը վճարվել է Հայաստանի բնակչության գրպանները լրացուցիչ անգամ դատարկելու միջոցով:

Այս տարվա ցուցակում երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնում են «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը «ՎիվաՍել») եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունները՝ համապատասխանաբար 28 մլրդ 891 մլն 812.1 հազ. ու 21 մլրդ 571 մլն 522.5 հազ. դրամի հարկային վճարումներով: «Ղ-Տելեկոմի» հարկային վճարումները 2013-ի համեմատ 1 մլրդ 209 միլիոն դրամով նվազել են, բայց դա չի խանգարել, որ ընկերությունը ցուցակում նախկին երրորդ հորիզոնականից բարձրանա երկրորդին: Սամվել Ալեքսանյանի «Ալես Գրիգի» հարկային վճարումները 2013-ի համեմատ աճել են 2 միլիարդ 812 միլիոն դրամով, իսկ ցուցակում նախկին չորրորդ հորիզոնականից նա բարձրացել է երրորդին: Հարկային վճարումների ամենամեծ անկումը արձանագրվել է 2013-ի առաջատարի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մոտ, որը շուրջ 38 միլիարդ հարկի փոխարեն 2014-ին 28 միլիարդ դրամով պակաս հարկ է վճարել: Խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը էապես փոխվել է: Սակայն առավել ուշագրավ են պայմանական խմբավորմամբ ցուցակների համեմատականները: Այսպես՝ ցուցակի առաջին հնգյակը նախորդ տարվա հնգյակի փոխարեն ավելի քան 9 միլիարդով պակաս հարկեր է վճարել, առաջին տասնյակը մոտ 2 միլիարդով պակաս՝ նախորդ տասնյակից, առաջին քսանյակը՝ 1 միլիարդով ավել նախորդից: Խոշոր հարկատուները բոլորը միասին 2014-ին վճարել են 700 մլրդ 503 մլն 863.9 հազ. դրամի հարկ՝ նախորդ տարվա 665 մլրդ 20 մլն 790.3 հազ. դրամի դիմաց: Վերը բերված թվերը վկայում են, որ 2014-ին խոշոր հարկատուների վճարած հարկերի 35 միլիարդ դրամի աճը տեղի է ունեցել, այսպես կոչված, «փոքր խոշորների» վճարած հարկերի աճի շնորհիվ:
Ստորեւ ներկայացնում ենք 2014-ի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակի ցանկը եւ նրանց վճարած հարկերի չափը.
1. «Գազպրոմ Արմենիա» 42 մլրդ 812 մլն 641 հազ.
2. «Ղ-Տելեկոմ» 28 մլրդ 891 մլն 812.1 հազ.
3. «Ալեքս Գրիգ» 21 մլրդ 571 մլն 522.5 հազ.
4. «Զանգեզուրի ՊՄԿ» 19 մլրդ 940 մլն 784.4 հազ.
5. «ԱրմենՏել» 16 մլրդ 490 մլն 979.8 հազ.
6. «ՀԷՑ» 12 մլրդ 430 մլն 380.3 հազ.
7. «Ֆլեշ» 11 մլրդ 980 մլն 840.5 հազ.
8. «Գրանդ-Տոբակո» 10 մլրդ 465 մլն 5.3 հազ.
9. «Սիփիէս օիլ» 9 մլրդ 618 մլն 764.4 հազ.
10. «Ֆիլիպ Մորիս Արմենիա» 8 մլրդ 29 մլն 934 հազ.
Ինչպես նկատեցիք՝ ցուցակի առաջին վեց ընկերություններից 4-ը ռուսական ընկերություններն են, որոնք գործնականում տնօրինում են Հայաստանի տնտեսության նյութափոխանակությունը՝ էներգետիկան եւ կապը:
Խոշոր հարկատուների 2013 թվականի ցուցակի առաջին տասնյակը եղել է այսպիսին.
1. «Զանգեզուրի ՊՄԿ» 37 մլրդ 862 մլն 196.8 հազ.
2. «Հայռուսգազարդ» 36 մլրդ 79 մլն 495 հազ.
3. «Ղ-Տելեկոմ» 30 մլրդ 101 մլն 500.2 հազ.
4. «Ալեքս Գրիգ» 18 մլրդ 759 մլն 356 հազ.
5. «ԱրմենՏել» 15 մլրդ 475 մլն 989.2 հազ.
6. «ֆլեշ» 11 մլրդ 446 մլն 11.2 հազ.
7. ՀԷՑ 9 մլրդ 998 մլն 37.8 հազ.
8. «Ֆիլիպ Մորիս Արմենիա» 9 մլրդ 60 մլն 422 հազ.
9. «Սիփիէս օիլ» 8 մլրդ 96 մլն 757.2 հազ.
10. «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» 7 մլրդ 260 մլն 976.3 հազ.
Ինչպես նկատեցիք՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության հարկային վճարումները եւս ավելացել են, այս դեպքում եւս կարող ենք արձանագրել, որ դա տեղի է ունեցել ՀՀ բնակչության հաշվին՝ էլէներգիայի սակագները բարձրացնելու միջոցով մարդկանց գրպանները դատարկելու ճանապարհով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԳԱԼՈՒՍՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ
Երեկ մեկնարկեց ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանը, եւ առաջին բանը, որ արեց խորհրդարանը, անցած տարվանից մնացած, ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի գործունեության ծրագիրը հաստատելն էր: Հարցը դրվեց քվեարկության, եւ 69 կողմ, 12 դեմ եւ 10 ձեռնպահ արդյունքն ընդունվեց: Հիշեցնենք, որ անցած տարի այդ ծրագիրը չընդունելով եւ ընթացիկ տարում վերահսկիչ պալատին առանց ծրագիր թողնելով՝ խորհրդարանը խախտել էր ՀՀ Սահմանադրությունը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ իր խոսքում ընդունեց այս փաստը: Տվյալ դեպքում կարող ենք նաեւ արձանագրել, որ մի ամբողջ կառույց, որի հատկապես ղեկավար կազմը շատ բարձր աշխատավարձ է ստանում, մեկ ամիս պարապուրդի է մատնված եղել եւ ձրի տեղն աշխատավարձ է ստանալու:

 

ԿԹՈՒՅԼԱՏՐԵՆ ԽՈՍԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանից պարզել, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած, փետրվարի 5-ին կայանալիք խորհրդաժողովում ինչ զարգացումներ են սպասվում: «Դա ընդհանուր լայն կոնսոլիդացիա է քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների, բոլորը կարտահայտեն իրենց կարծիքը, ճանապարհային քարտեզը կորոշեն»,- ասաց պատգամավորը: Այն հարցին, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը, արդյո՞ք իշխանափոխության ճանապարհային քարտեզն է կազմվելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր հետագա անելիքներն այնտեղ կորոշվեն, օրակարգը բոլորին տրված է, ազատ արտահայտվելու իրավունքը տրված է, կարող են ներկայացնել իրենց մտքերը՝ հանուն մեր երկրի ապագայի»: Ի դեպ, երեկ, ինչպես միշտ, ԱԺ քառօրյային այդպես էլ չներկայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա այս ԱԺ-ի գոյության երկուսուկես տարիների ընթացքում երեք կամ չորս անգամ է այցելել ԱԺ, այն էլ ինչ-ինչ անձնական գործերով:

 

ԱՇԽԱՏՈՂ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը պետ եւ պետի տեղակալ չունի: Պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Սամվել Մկրտչյանը: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեսչության որոշ ստորաբաժանումներ չունեն տեսուչներ, առաջատար մասնագետներ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարել: Այսպես՝ ընդերքի պետական տեսչությունը 12 աշխատակցի կարիք ունի, մասնավորապես՝ երկրաբանական վերահսկողության, իրավաբանական, հաշվետվությունների ընդունման եւ վերլուծության, հարավային, կենտրոնական, հյուսիսային, արեւելյան տարածքային ստորաբաժանումների գլխավոր մասնագետի, ընդերքի տարածքային պետական տեսուչների եւ այսպես շարունակ:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓԱՍՏՈՐԵՆ ԴԵՄ ԷԻՆՔ
ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը չի նշանակում նրանում ներկայացված ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:Նա ընդգծել է, որ հունվարին Ստրասբուրգում տեղի ունեցածը Ռուսաստանի համար չի հանդիսանում առանցքային կամ դրամատիկ իրադարձություն. «Մենք վստահ ենք մեր ճշմարտացիության մեջ, եւ Ստրասբուրգի քննարկումները որեւէ կերպ չեն ազդում (Ուկրաինայի հարցում) Ռուսաստանի մոտեցումների վրա»: Կոսաչեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցած պատվիրակություններին: Նրա խոսքերով՝ Ստրասբուրգում ուղղման դեմ ողջ կազմով քվեարկել են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Կիպրոսի, Սերբիայի ու Մոնտենեգրոյի ազգային պատվիրակությունները:

 

ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՏՈԿՈՍ
ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու եւ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը մինչեւ հուլիսի 1-ը հետաձգելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվել է, թե առեւտրում խոշորից՝ 100 միավորից, ինչքա՞նն է մտնում բյուջե: Վ. Միրումյանը պատասխանել է, որ ԱԱՀ-ն կազմում է 25%, որից իրացված շրջանառության շուրջ 10%-ը կարող է կազմել շրջհարկը, այսինքն՝ խոշորի նկատմամբ շրջանառության հարկը պայմանական 10% է:

 

ՏԽՈՒՐ ՀԱՇՎԱՐԿ
ԱԺ երեկվա նիստում ոչ իշխանական ուժերը հայտարարել են, որ իրենք ներկայացուցիչներ չեն ունենալու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում, քանի որ այն ձեւական բնույթ է ստանում: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է.«Ուրեմն ես կհաշվեմ, դուք կտխրեք»:

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈԹ
Անդրադառնալով Բերձորում տեղի ունեցածին` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է. «Իհարկե, խաղաղ երթի մասնակցի նկատմամբ բռնություն կիրառելն անթույլատրելի է: Ինձ թվում է՝ այնտեղ ամեն ինչ պարզ է, կարիք չկա ավելորդ մեկնաբանությունների»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ կատարվածն ազգային ամոթ է. «Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան, ներողություն խնդրեն, եւ հետո ժողովուրդը պետք է իր իշխանությունը ձեւավորի մի նոր թեկնածուով, հների ժամն անցել է»,- ասել է նա:




Լրահոս