Երեկ ձերբակալվել է աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտ: Չնայած պաշտոնապես հրապարակվել է, որ վերջինիս ձերբակալել են հարկերի վճարումից խուսափելու համար, սակայն չի բացառվում, որ նրան փորձում են պատժել:
Նախ՝ պաշտոնական
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Ո՞վ է Ճոյտը
Դեռեւս 2005թ. Ճոյտը, իր որդին եւ նրա որդու ընկերը կալանավորվել էին Միացյալ Արաբական Էմիրություններում, քանի որ Հակոբյանը, նրա որդին եւ որդու ընկերը Դուբայի «Վաֆի» առեւտրի կենտրոնի «Վիլլի» խանութից մոտ 24 հազար դոլարի հագուստ էին վերցրել, բայց դրամարկղում ցույց էին տվել ընդամենը 16 հազարինը: Տեղի ունեցածից մի քանի ժամ անց ոստիկանության աշխատակիցները հյուրանոցում խուզարկություն էին կատարել եւ հայտնաբերելով գողացված իրերը՝ ձերբակալել էին խմբին:
Սա դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել էր Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում գույքի արժեքը բռնագանձելու պահանջով, որը կազմում է շուրջ 23.000 հազար դոլար: Ավելին՝ «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը դատավոր Հովհաննես Մելքոնյանը բավարարել է: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով ինքնավստահ ասաց, թե անհանգստանալու բան չունի:
Հիշեցնենք, որ 2009թ. ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հայտնաբերել էր բյուջետային միջոցների վատնման դեպքեր, որոնցից երկուսի մասով նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում է «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին (որի 51%-ի բաժնետերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, որը Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման համար պետությունից ստացել էր 190 մլն դրամի պատվեր, որից 157 մլն-ը ծախսել էր անորակ հենապատեր սարքելու եւ գետի հունից որոշ չափով աղբ հանելու վրա, իսկ 33 մլն-ը ծախսելու փաստաթղթային հիմնավորումներն այդպես էլ չէր կարողացել ներկայացնել: Եվ մինչ դատախազությունը կգտներ պետական «բուրդը» յուրացնողներին, «Էջմիածին ջրշինը» քաղհայցով դիմում է Երեւանի քաղաքացիական դատարան՝ մեղավորին սեփական սցենարով գտնելու նախաձեռնությամբ՝ պատճառաբանելով, որ պետությունից ստացած պատվերը չի կարողացել պատշաճ կատարել «Բետարտշին» ՍՊԸ-ի մեղքով: Այս պատմության մեջ ամենազարմանալի այն էր, որ Հակոբ Հակոբյանը «Էջմիածին ջրշինի» 51%-ի փայատեր լինելուց զատ՝ նաեւ «Բետարտշինի» 70%-ի բաժնետերն է: Ստացվում է, որ Հ. Հակոբյանն ինքն իր դեմ է հայց ներկայացրել դատարան:
Ֆիմլը եւ նրա հետեւանքները
2014թ. պատգամավորը նկարահանեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հիշողություն» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա 2015թ. փետրվարի 10-ին: Սակայն նրա ստեղծագործական միտքը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, եւ հնչեցին բազմաթիվ քննադատություններ, նույնիսկ քննադատեցին նրանք, ովքեր անգամ ներկա չէին եղել ֆիլմի նկարահանմանը: Այս փաստը չէր ընկճել պատգամավորին, եւ վերջինս, ի հեճուկս շատերի, «սպառնաց» չտրվել քննադատություններին եւ նոր ֆիլմ նկարահանել, որն էլ կպատմի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին:
Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Սցենարի 70 տոկոսը պատրաստ է, մենք ունենք 30 տոկոս աշխատանքներ, որ ավարտենք»: Ինչպես նկատում ենք՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ պատգամավորին կալանավորեցին եւ այն էլ ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով, ինչը, մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս: Արդյո՞ք ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ հարկային պարտավորությունները չկատարելն այն հանցանքն է, որ նախկին պատգամավորին կալանքի տակ պահելով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրությանը վտանգավոր հանցագործից է փորձում ազատել: Թերեւս պատճառը պատգամավորի՝ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը կարող է լինել, որն, իսկապես, լուրջ վտանգ կարող է պարունակել իր մեջ: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ մեկուսացնեն նրան ու «դաստիարակեն», որպեսզի ՀՀԿ-ական նախկին պատգամավորը դադարեցնի ռեժիսորական գործունեությունը: Թե չէ 7 դրվագով արված տնտեսական հանցանքի մեղադրանքով դժվար թե Հակոբյանին ճաղերի հետեւ ուղարկեին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾԵԼՆ ԱՄՈԹ ԷՐ
2015 թվականի հունվարի 31-ին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին՝ Բերձորի հատվածում, դաժանորեն ծեծի էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաեւ՝ «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներ Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը: Իսկ որտեղի՞ց սկսվեց Բերձորի հատվածում հիմնադիր խորհրդարանի անդամների ծեծի ենթարկելու պատմությունը:
Ինչպես արդեն գիտենք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Հիմնադիր խորհրդարանը» «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթեր է իրականացնում ՀՀ տարբեր մարզերում` փորձելով այս կերպ իշխանափոխության հասնել: Այս անգամ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» որոշել էր Երեւանից ավտոերթ իրականացնել դեպի Արցախ: «Հիմնադիր խորհրդարանի» այս նախաձեռնությունը բացասական էր ընդունվել ԼՂՀ ազատամարտիկների, իշխանությունների կողմից, եւ վերջիններս հորդորել էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Արցախում նմանօրինակ ավտոերթ չանցկացնել: Սակայն արցախցիների խնդրանքը չընդունվեց, եւ «Հիմնադիր խորհրդարանը» ճանապարհ ընկավ: Բերձորի ճանապարհին ԼՂՀ մի խումբ ոստիկաններ, դիմակավորված անձիք հարձակվել էին ավտոերթի մասնակիցների վրա եւ դաժանորեն ծեծի ենթարկել նրանց: Արդյունքում վնասվել էր 15 ավտոմեքենա, տուժել էր 20 մարդ, որից 10-ը դաժանորեն ծեծին էին ենթարկվել: Ավելին՝ բռնության ենթարկվողների մեջ եղել են 3 լրագրող:
Ըստ ԼՂՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ իրենք փորձել են բացատրական աշխատանքներ իրականացնել ավտոերթի մասնակիցներ հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում: Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, հակադարձելով հորդորները, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները: Ուստի հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով ոստիկանությունը ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
Երեկ կատարվածին նաեւ արձագանքել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը. «Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ տարածքում, եւ մենք չունենք որեւէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը, խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու եւ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:
Իսկ ահա հանրության զգալի մասն էլ դատապարտել էր ԼՂՀ ոստիկանության գործողությունները` նշելով, թե երկուստեք պետք է փորձեին երկխոսության գալ՝ հնարավոր բախումներից խուսափելու համար:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՔՆՆԻՉԻ ԴԵՄ ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը երեկ հրապարակեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի կապակցությամբ կայացրած որոշումը: Ինչպես հայտնում է Aravot.am-ը, այն բավարարվեց:
Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ընդդեմ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա.Հակոբյանի, որն իր հայտարարության հիման վրա քրեական գործ չէր հարուցել: Խոսքը Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Հայկարամ Հակոբյանին էր վերաբերել, որը դեպքի վայրի արձանագրության մեջ, ըստ բողոքաբերի, կատարել էր կեղծումներ: Մասնավորապես, դեպքի վայր էր համարել ոչ թե բանուկ մասը, այլ կողնակը:
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ այս գործով մինչեւ վերջ պարզ չդարձավ, թե դեպքի վայրի արձանագրությունը որտեղ է կազմվել` քննիչի առանձնասենյակո՞ւմ, ընթերականերից մեկը որտե՞ղ է ստորագրել, քանի որ ըստ Ն.Բաղդասարյանի` արձանագրության եւ դատարանում տված ստորագրությունների միջեւ էական է եղել տարբերությունը:
Մեկ այլ ընթերակա՝ Վազգեն Կարապետյանը, չհայտնաբերվեց, քանի որ ո՛չ գյուղապետի գրությամբ, ո՛չ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տրված կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրացուցակներով այդ անուն ազգանունով, նման տվյալներով անձ չի եղել: Ըստ պաշտպանի՝ ինքը դիմել էր հատուկ քննչական ծառայություն, բայց ծառայությունն ուղարկել էր իր հայտարարությունը Կոտայքի մարզի դատարան, դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Նա բերեց մեկ այլ օրինակ, երբ նախապատրաստվել է նույն այդ հիմքերով քրեական գործ:
Պաշտպանի հարցադրումը հետեւյալն էր՝ կա՞ն արտոնյալ մարդիկ, որոնց հայտարարության հիման վրա հարուցվում է քրեական գործ, եւ հակառակը:
Հատուկ քննչական ծառայությունը երեկ դատարան չէր եկել՝ պատճառաբանելով իր ծանրաբեռնվածությունը: Դատարանը պարտավորեցրեց ՀՔԾ-ին կատարել որոշումը՝ հարուցել քրեական գործ: