ՀԵՐԹԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ» ԹԵ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանը: Հենց նիստի սկզբում Գալուստ Սահակյանը նկատեց, որ այն մեկնարկում է հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերում:

«Դժվար է բառեր գտնել` գնահատական տալու ոճրագործությանը, որը տեղի ունեցավ Գյումրիում հունվարի 12-ին: Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի, եւ մեղավորները խստագույնս կպատժվեն»,-ասաց ԱԺ նախագահն ու անդրադարձավ դիվերսիոն գործողությունների հաճախականությանը հայ-ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: «Ի պատիվ մեր բանակի՝ պետք է փաստենք, որ հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալու, այլեւ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով»,- հավելեց նա եւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս զոհված սպաների ու զինվորների, ինչպես նաեւ՝ Գյումրիի ողբերգության անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկու օր առաջ Բերձորում տեղի ունեցած միջադեպին եւ նշեց, որ հանրությունը սպասում է պատասխանների: Պատգամավորն ԱԺ նախագահին առաջարկեց ստեղծել ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն, որը կմեկնի Ստեփանակերտ, որպեսզի Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկեն Բերձորում տեղի ունեցած միջադեպի բացասական հետեւանքները չեզոքացնելու հարցը: Ի պատասխամ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Ես այսօր կփորձեմ քննարկել այդ հարցը ԼՂՀ-ի իմ գործընկերոջ՝ ԱԺ նախագահի հետ: Կարծում եմ` միջադեպի առումով ԼՂ պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան հնարավորինս վերլուծությունների ենթարկել եւ կարձագանքեմ Ձեր հայտարարությանը»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ իր վրդովմունքը հայտնեց, որ եռյակի բարձրաձայնած` կառավարական համակարգի ճգնաժամի հարցն օրակարգում ընդգրկված չէ: «Դուք իմաստազրկում եք արտահերթ քննարկման ինստիտուտը, ավելին` Դուք խախտում եք ընդդիմության իրավունքները: Սա նշանակում է, որ Դուք վախենում եք: Այս հարցին ավելի բովանդակալից անդրադառնալու եւ սպառիչ քննարկելու համար պահանջում ենք քսան րոպե ընդմիջում: Սա սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- հայտարարեց Զուրաբյանը: «Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում` 20 րոպե ընդմիջում»,- հեգնեց ԱԺ նախագահը:
Արդեն ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ ընդմիջում թույլ տալով՝ խախտում է թույլ տվել ու հավելեց. «Բայց ոչինչ, մեկ-մեկ էլ թող ես խախտումներ անեմ»:
Կառավարման ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ հայտարարությանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ընդգծեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այդ հարցը խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը իմպերատիվ կերպով պետք է դնի քննարկման: Նա շեշտեց, որ կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկրում արդիական է, եւ հորդորեց ԱԺ ղեկավարությանն առաջնորդվել ոչ թե նրանով, թե ինչ է կիսում կամ չի կիսում խորհրդարանական մեծամասնությունը, այլ հարցը բացառապես պետք է դրվի քննարկման: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, որ քաղաքական մեծամասնությունը չի ուզում տեսնել Կառավարության ճգնաժամը: «Դուք չեք կարողանում կազմակերպել անկեղծ խոսակցություն, որը հուզում է ամբողջ ժողովրդին: Եթե դուք պատասխանատու քաղաքական ուժ լինեիք, կնախաձեռնեիք այդ երկխոսությունը, որ այս ահավոր վիճակին լուծումներ գտնեք, բայց դուք հրաժարվում եք, նշանակում է, որ մերժում եք երկխոսության հնարավորությունը եւ դրդում, որ ժողովուրդն այլ քայլերի դիմի»,- ասաց նա: Նմանատիպ տեսակետ արտահայտեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Խորհրդարանը ելքեր ման գալու հարթակ է, մենք չենք առաջարկում բացասական գործունեություն Հայաստանի համար, այլ առաջարկում ենք մտքեր առաջարկել, մտքեր փոխանակել` իրավիճակից դուրս գալու համար: Եթե չեք ընդունում այդ առաջարկությունը, ուրեմն ավելի հետաքրքիր առաջարկ ունեմ` վերացրե՛ք խորհրդարանը ու քննարկումները տեղափոխեք այլ տեղ»,-ասաց նա: Դրանից հետո միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ քաղաքական մեծամասնությունը չի մերժում այդ առաջարկը, այլ ցանկանում է այն ավելի ամբողջական դարձնել ու ավելի ամբողջական քննարկել:
Նիստում անդրադարձ եղավ նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքին, որի փոփոխությունները քննարկելու համար ոչ իշխանականները ցանկանում էին արտահերթ նիստ հրավիրել: Սակայն արտահերթ նիստի փոխարեն այս թեմայով խորհրդակցություն տեղի ունեցավ Գալուստ Սահակյանի մոտ, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հաջողվեց ընդհանուր եզրեր գտնել: «Որոշվեց, որ հաջորդ քառօրյայում քննարկման է դրվելու այս հարցը, իսկ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվում է մինչեւ հաջորդ քառօրյա: Մոտեցումների միջեւ բավական ընդհանրություններ կան, եւ մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Մենք նաեւ ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային մենք ընդհանուր մոտեցումներ չձեւավորենք, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Նա չցանկացավ մանրամասներ ներկայացնել մոտեցումների վերաբերյալ, սակայն նշեց, թե գլխավոր հարցն այն է, որ առաջարկվում է կամավոր մոտեցում, այսինքն` որ փաստաթղթավորումը լինի կամավոր: Լրագրողների հարցին` կա՞ մտավախություն, որ Կառավարությունը կրկին կփորձի «փափուկ բարձ» դնել օրենսդիրների գլխի տակ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կա դրական մոտեցում ու պայմանավորվածություն, թե նախնական գնահատականով ինչպես են պատկերացնում հարցի լուծումը: Շատ ճիշտ եք` տառապանքի փորձով միշտ, երբ փորձել ենք համաձայնության գալ, ստացվել է, որ «փափուկ բարձ» են դրել, բայց ժամկետը ֆիքսված է»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ մինչեւ հուլիսի 1-ը օրենքի կասեցման` Կառավարության որոշումն ընդամենը ժամանակ ձգելու նպատակ է հետապնդում եւ որեւէ կերպ չի կարգավորում խնդիրը: Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, միայն մեկ բան նշեց. «Կանենք ամեն ինչ, որ ժողովրդի համար լավ լինի»:
Այնուհետեւ խորհրդարանում քննարկվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը մինչեւ հուլիսի մեկը հետաձգելու հարցը, որի քննարկումները կշարունակվեն այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 15-ին Իջեւան քաղաքի Վասիլյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման շենքին կից շինությունում առանց շինարարական թույլտվության աշխատանքներ են կատարվել: Նույն օրը Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը պաշտոնական գրությամբ դիմել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին, ով հայտնել է, որ վերոհիշյալ շինությունում, անհայտ անձանց կողմից կատարվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
Քաղաքապետը ոստիկանապետից խնդրել է նրա միջամտությունը՝ ինքնակամ շինարարությունը շտապ դադարեցնելու, շինարարությունը իրականացնող անձանց եւ շինության սեփականատիրոջ ինքնությունը պարզելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Քաղաքապետի վկայությամբ` ինքը ոստիկանապետին է դիմել՝ ինքնակամ շինարարություն կատարած անձանց, շենքի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու համար, որպեսզի անօրինական շինարարության կապակցությամբ վարչական վարույթ հարուցեն, կարողանան այդ մարդկանց պատշաճ կերպով հրավիրել քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովի նիստին:
Հունվարի 20-ին ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը պաշտոնապես պատասխանել է քաղաքապետի դիմումին՝ գրելով «Ձեր՝ 15.01.2015թ. թիվ 09 գրության հիման վրա ոստիկանության Ւջեւանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի լրիվությունը, ամբողջականությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրվում է հայտնել՝ Իջեւան քաղաքի Վասիլյան 3 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունը ո՞ւմ սեփականությունն են հանդիսանում, սեփականատերը գույքհարկերը պատշաճ կերպով վճարե՞լ է, թե՞ ոչ»: Ոստիկանության բաժնի պետը նաեւ քաղաքապետին խնդրել է տրամադրել Իջեւանի Վասիլյան 3 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի աշխատակիցների կողմից հունվարի 15-ին կազմված արձանագրության կրկնօրինակը:
Տավուշի մարզի իրավապահներից, ովքեր խնդրեցին իրենց անունները չհրապարակել, տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանությունը Վասիլյան 3 հասցեում կատարված շինարարության վերաբերյալ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կատարած գործողությունների իրավաչափությունը պարզելու համար ծառայողական քննություն է կատարում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՉԵՆ ՍՏԱՆԱ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները խոստացված աշխատավարձը փետրվարի 6-ին չեն ստանա: Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրել է գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է գործարան ու հանդիպել տնօրինության եւ աշխատակիցների հետ։ «Նախարարը խոստացավ, որ այդ աշխատավարձը մենք կստանանք փետրվարի 25-ին, իսկ մինչ այդ խնդրեց իրեն ժամանակ տալ՝ գործարանի հետագա գործունեության վերաբերյալ Միջպետական եւ Համաշխարհային բանկի հետ բանակցությունները շարունակելու համար»:

 

10.000 ԿՐԱԿՈՑ
ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 10.000 կրակոց:

 

ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով առաջին ատյանի դատարանի՝ 2014-ի հոկտեմբերի 17-ի որոշումը: Անփոփոխ է մնացել նաեւ անչափահաս Շահեն Հարությունյանի դատավճիռը, ով դատապարտվել էր 4 տարվա պայմանական ազատազրկման:




Լրահոս