ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ՉՍՏԱՑՎԵՑ
ԱԺ 3 խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, հարցաշար են ուղարկել կառավարությանն ու գլխավոր դատախազությանը՝ «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ: Փաստաթուղթը բաղկացած է 9 հիմնական հարցից: Ստորագրել են ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը: Ուշագրավն այն է, որ այդ նախաձեռնությանը չի միացել ԲՀԿ-ն, թեեւ ժամանակին հարցաշարի կազմելու համար ստեղծված աշխատանքային խմբին այդ կուսակցության պատգամավորներից ներկայացված էր Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց քայլը մեկնաբանել է այսպես. որտեղ կա «Ժառանգության» ստորագրությունը, իրենք այդ նախաձեռնություններին չեն միանա, քանի որ «Ժառանգություն»-ը հստակ ուղղորդվում է իշխանություններից, ուստի իրենք նման խաղերի մասնակից չեն ուզում լինել: ԲՀԿ-ականն ասել է, որ իրենք կմիանան ՀԱԿ, ՀՅԴ նախաձեռնություններին, եթե չստացվի, կուղարկեն սեփական հարցաշարը:

ՁԱՅՆԸ` ՏԱՔ ՏԵՂԻՑ
Հալեպից վերադարձած ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի  ներկայացմամբ` Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։  «6 հայ զոհվել են, երկուսը՝ պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-ասել է  Մարգարյանը, ում կարծիքով՝ Հայաստանը չպետք է ուղղակիորեն միջամտի հալեպահայ 60-հազարանոց համայնքի ճակատագրին: «Մենք չենք կարող սիրիահայության աշխատանքի հարցն ամբողջությամբ լուծել, եթե չասեմ՝ ընդհանրապես չենք կարող լուծել բնակարանային հարցը եւ մի շարք ուրիշ հարցեր,-սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխվելու հեռանկարի հետ կապված՝ ասել է Մարգարյանը` հավելելով.-Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում եւ կիսի ճակատագիրը Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին»։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ` ԼՂՀ-ՈՒՄ
Հուլիսի 19-ի՝ ԼՂՀ նախագահի ընտրություններից հետո Արցախում կստեղծվի նոր ընդդիմադիր քաղաքական ուժ: Այդ մասին երեկ ասել է Վիտալի Բալասանյանի շտաբի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը. «Նոր քաղաքական ուժի ստեղծումից հետո ԼՂ Ազգային Ժողովում կձեւավորվի ընդդիմադիր պատգամավորական խումբ»:

ԱՊԱՑՈՒՅՑ
«Հայաստանյան քրեաօլիգարխիկ վարչախմբի հլու կամակատար եւ պատժիչ մարմին դատարանի կողմից ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրած անմարդկային ու ապօրինի դատավճիռը համակարգի ինքնավստահության եւ ինքնատիրապետման բացակայության ապացույցն է»,-երեկ տարածած հաղորդագրության մեջ հայտարարել են «Սարդարապատ» շարժման անդամները:

ՀՈՎՆԱՆՆ ՈՒ ՀՈՎԻԿԸ
Զուգահեռներ տանելով քաղաքական իրադարձությունների ու էպոսի միջեւ՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որն իրեն հռչակել է «ՀՀ չորրորդ նախագահ», «Առավոտ»-ին ասել է. «Վերգոն առանձին ինստիտուտ չէ, Հովնանի հետ է գործում, իսկ այս դեպքում՝ մեր իրականության հետ, դա համապատասխանում է կառավարության աշխատանքին, որը զբաղված է նյութական հարցերով եւ միշտ վախեցած է բոլոր արտաքին թշնամիներից, դա էլ իր տրամաբանությունն է, այսինքն՝ փող տանք, աղջիկ տանք, հարցերը լուծենք եւ այլն: Քեռի Թորոսը համապատասխանում է մեր այսօրվա ուժային համակարգին՝ ոստիկանություն, բանակ, ազգային անվտանգություն եւ այլն: Իսկ Հովնանն օրենսդիր իշխանությունն է»:

ՊԱՅԹԱԾ ԿՐԿԵՍԸ
Հուլիսի 21-ին ավարտվել է Երեւանի կրկեսի շենքի գմբեթի ապամոնտաժումը՝ պայթեցման միջոցով: Պայթեցման աշխատանքներն իրականացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթեցման խումբը: ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը վստահեցրել է, որ պայթեցումն անցել է առանց միջադեպերի, չկան տուժածներ, չեն վնասվել դիմացի շենքերի ապակիները:




Լրահոս