ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ` ԿԼԻՆԻ ԵՐԱՇՏ, ԹԵ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալներով՝ այս տարի ձյան ծածկույթը նորմայից ցածր է եղել, ինչը, ըստ բնապահպանների, կարող է հանգեցնել սակավաջրության հետ կապված լուրջ խնդիրների: Մասնագետների կանխատեսմամբ` ամռանը մեր հանրապետությունում կստեղծվի բարդ իրավիճակ՝ կպակասի ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջուրը: Եւ սա առաջին հերթին մեծ հարված կհասցնի գյուղատնտեսությանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ այս տարի մեր հանրապետությունում կստեղծվի բարդ իրավիճակ. «Տեղումների քանակությունը բավականին քիչ է եղել: Ես՝ որպես բնապահպան, լուրջ մտահոգություններ ունեմ կապված Սեւանա լճի հետ: Հիշեցնեմ, որ նախորդ տարի Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 245 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել, որը, ցավոք, իրականություն դարձավ: Այդ ժամանակ մենք ունեինք մտավախություն, որովհետեւ բաց թողնվող ջրի այդ քանակը նման բնակլիմայական պայմաններում կառաջացնի երաշտի վտանգ: Բայց մենք չպետք է մեր հույսը դնենք միայն Սեւանի վրա: Ջրային ռեսուրսները պետք է ճիշտ կառավարվեն, որպեսզի կարողանանք այդ իրավիճակից դուրս գալ»: Բնապահպանի կարծիքով՝ անհրաժեշտ է կառուցել նոր ջրամբարներ, որպեսզի դրանցում կուտակված լրացուցիչ ջրաքանակով հնարավոր լինի նման սակավաջուր տարիներին ոռոգման ջրով ապահովել գյուղացիներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ ամռան ամիսներին, հատկապես Արմավիրի եւ Արարատի մարզերի մի քանի տասնյակ գյուղեր ջրազրկվեցին: Այդ գյուղերում մարդիկ օրերով ջուր չէին ունենում՝ ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու: Նրանց մեծ մասի հողատարածքները մնացին անմշակ, ինչի արդյունքում գյուղացիները մեծ վնասներ կրեցին:
«Այն պատճառաբանությունը, թե Սեւանա լճից ջրբացթողումները պետք է լրացնեին Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի պակասը, սին են, որովհետեւ ոչ մի գյուղացի երբեւէ չասաց, թե իրենց ջրի խնդիրը լուծվել է: Իսկ այս տարի շատ ավելի լուրջ է լինելու: Այլ երկրներում նման հարցերն ավելի մասնագիտորեն են լուծվում: Իսկ մենք մեր հույսները դրել ենք հալոցքների եւ տեղումների վրա»,- նկատեց Սիլվա Ադամյանը:
«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 90-ականներին, սակայն բնությունը բարի գտնվեց գյուղացիների նկատմամբ: «Այդ ժամանակ բավարար քանակությամբ անձրեւ եկավ, ջրամբարները լցվեցին, ու ամեն ինչ իր տեղն ընկավ: Մենք նույնպես մտահոգված ենք, բայց դեռ մեկ ամիս կա, որ ձմեռը վերջանա, հույս ունենք, որ ամեն բան կկարգավորվի: Ստեղծված վիճակն աղետալի չէ, դեռ փետրվար ամիսն առջեւում է, եւ պարզ չէ, թե ինչ եղանակ կլինի»,-լավատես լինելու կոչ արեց Բերբերյանը` կարեւորելով այն, որ այս պահին բողբոջակալում չկա: «Դեռ վաղ է, խուճապի մատնվելու որեւէ առիթ չեմ տեսնում: Գյուղացիներն էլ են մտահոգված. չէ որ առաջին հերթին հենց իրենք են այդ կորուստը զգալու: Բայց մենք անհույս չենք, կարծում ենք, որ բնությունը բարի կգտնվի մեր նկատմամբ: Եթե հոռետես լինենք, ապա գյուղատնտեսության հետ պետք է գործ չունենանք: Ամեն դեպքում խառնվել պետք չէ: Միայն թող պատկան կառույցները հետեւողական լինեն ՀԷԿ-երի գործունեության նկատմամբ, դրանց պատճառով է, որ արդեն երկու տարի է, ինչ սակավաջուր է: Մի քանի ՀԷԿ-եր գյուղացիների ջրի հաշվին էլեկտրաէներգիա են արտադրում»,- նկատեց մեր զրուցակիցը:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «ԱԻՆ հիդրոմետ ծառայության մասնագետների կողմից երաշտի հետ կապված ոչ մի հայտարարություն չի արվել: Ճիշտ է՝ ձյան ծածկույթը նորմայից որոշ չափով ցածր է, բայց դա որեւէ կերպ չի նշանակում, որ երաշտ է սպասվում: Ոչ ոք չգիտի, թե մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին ինչքան տեղումներ կլինեն, ինչ ծավալի անձրեւներ կգան, որով պայմանավորված՝ ջրամբարները կլցվեն, թե ոչ: Այնպես որ, խոսակցությունները, թե երաշտ է սպասվում, ուղղակի ոչ մասնագիտական մոտեցումներ են՝ ժողովրդին խուճապի մեջ գցելու համար: Ավելին՝ մենք գարունը խոնավ ենք սպասում: Եւ այդ տեղումների պակասը փետրվարի երկրորդ տասնօրյակին, մարտ, ապրիլ ամիսներին կլրացվի»:
Հասարակության շրջանակներում տարածված մտահոգությունները ցրելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը նույնիսկ պարզաբանում տարածեց. «Իհարկե, հետագա ամիսներին տեղումների սակավության, բարձր ջերմաստիճանի առկայության, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ ռիսկեր առաջանալ: Անկախ հետագայում ջերմաստիճանային պայմանների հնարավոր փոփոխություններից ու հիդրոլոգիական վիճակից, դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից ԳՆ-ն կոնկրետ քայլեր է իրականացնում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման միջտնտեսային, ներտնտեսային ցանցերը, ջրհան կայանները, խորքային հորերը մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը նախապատրաստելու եւ կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԵԼՔԸ «ԽՈՊԱՆ» ՉԳՆԱԼՆ Է

2014թ. առնվազն 50.000 ՀՀ քաղաքացի 3-5 տարով զրկվեց ՌԴ մուտք գործելու հնարավորությունից: Այդ քաղաքացիներից շատերի վկայությամբ` գործընթացը հայեցողական է, քանի որ իրենց վրա արգելք են սահմանում սահմանին անձնագրային հսկողություն իրականացնողները: Միգրացիոն պետական ծառայությունից վստահեցնում են, որ այսօր կա համապատասխան տեղեկատվական բազա, եւ արգելքի սահմանումն այլեւս հայեցողական չէ:

Ազգագրագետ Ռուբեն Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշում է. «…ՌԴ-ը մինչ այսօր միգրացիայի նկատմամբ դեռեւս հստակ ձեւավորված մոտեցում չունի: Այդ երկիրը երեւույթը չարաշահում է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության առումով: Այսօր մեր միգրանտների առջեւ դրվող պայմանները կտրուկ վատացնելու են նրանց վիճակը: Որքան էլ ծանր լինի, խորհուրդ եմ տալիս այս տարի չմեկնել արտագնա աշխատանքի՝ վատթարագույնից խուսափելու համար»: ՀՀ մարզերից արտագաղթի ցուցանիշով առաջին տեղում է Շիրակի մարզը: Միայն վերջին 10 տարվա վիճակագրությամբ Գյումրիի բնակչության թիվը նվազել է 5 անգամ: «Կոմպաս» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտաշես Բոյաջյանի պնդմամբ` եթե մարդահամար անցկացվի, ապա Գյումրիում փաստացի ապրողների թիվը 70.000 չի գերազանցի, մինչդեռ Գյումրին 350.000 պակաս բնակչություն չպետք է ունենար: Բոյաջյանի խոսքերով՝ վերջին անգամ ՌԴ մեկնելիս սահմանային անցակետում կասկած է հարուցել իր նոր անձնագիրը: «Նրանք գտնում էին, որ նոր անձնագիր եմ ձեռք բերել նախկին խնդիրներից խուսափելու համար, մեր շատ քաղաքացիներ արգելքի տակ են հայտնվում հենց նոր անձնագրերով»,-ասաց նա:
Գյումրու քաղաքապետարանի հասարակական կազմակերպությունների հետ կապի պատասխանատու Մկրտիչ Ճարտարյանն էլ միգրանտի համար առավել խոցելի ու վտանգավոր է համարում սահմանը հատելու պահին երթուղային անցաթերթիկ լրացնելու` վերջին օրերին ներմուծված պայմանը: «ՌԴ իշխանությունները մեր միգրանտների հետ վարվում են՝ ինչպես ուզում են: Մենք ունեցել ենք 300-ից ավել վերանայման դիմումներ, արդյունքում միայն 43 գյումրեցու է թույլատրվել մեկնել, մնացածն անհասկանալի պատճառով մերժվել է»:
Իսկ «Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն»-ի իրավապաշտպան Վանուհի Գասպարյանն էլ հիշում է վերջին դեպքերից, երբ ՀՀ քաղաքացուն Լարսի անցակետում արգելել էին մուտքը ՌԴ մինչեւ 2030 թ.: Իրավապաշտպանը չի կարողանում հասկանալ՝ որ օրենքի հիման վրա է այդքան երկար արգելք դրվել, եթե ՌԴ-ի՝ վերջին օրենքի համաձայն՝ ամենաերկար ժամկետը 10 տարին է:
Ինչպես հայտնում են միգրացիոն ծառայությունից, պարզվում է, որ բացի միգրացիոն կառույցներից՝ ՌԴ-ում գոյություն ունի 23 կազմակերպություն, որոնք իրավասու են արգելք սահմանել միգրանտի նկատմամբ, բայց դրանք չունեն սեփական կայքեր, որտեղից միգրանտները կկարողանային համապատասխան տեղեկություն ստանալ: Թերեւս հենց սա է պատճառը, որ անձը, միգրացիոն միջազգային ծառայությունում իր անունը փնտրելով, այն չի գտնում արգելափակվածների ցուցակում եւ փաստի առաջ է կանգնում միայն սահմանը հատելիս:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս