ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հրավիրած ասուլիսի ժամանակ Իգոր Մուրադյանը հայտարարել է, որ հետ է վերադարձնում ԼՂՀ ԱԺ-ի կողմից շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Կարծես թե վերջին ժամանակներում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Իսկ նրանց շուրջ պտտվող լուրերն ու իրադարձությունները ինչ շարունակություն կստանան, պարզ կլինի առաջիկայում:
ՀԱՐՑ. Ուզում եմ մեկնել ԱՄՆ, որտեղ բնակվող իմ ազգականը խոստացել է հոգալ իմ ճանապարհածախսը: Կցանկանայի տեղեկանալ՝ տվյալ դեպքում պե՞տք է արդյոք հրավեր ներկայացնեմ:
Մելինե Հարությունյան (36 տարեկան, վարսահարդար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողները հաճախ մեծ կարեւորություն են տալիս ազգականների կամ ընկերների հրավերներին կամ աջակցության մասին գրություններին: Անշուշտ, Դուք կարող եք ներկայացնել հրավեր, սակայն իմացեք, որ դրանք հյուպատոսական պաշտոնյայի որոշման վրա լուրջ ազդեցություն չեն ունենում: Հասկանալի է, որ ճանապարհածախսի, գիշերակացի եւ/կամ սննդի ծախսերը կարող են հոգալ ընկերները կամ ազգականները, սակայն դա դեռ բավարար չէ ցույց տալու, որ դիմողն ունի ամուր կապեր իր հայրենի երկրի հետ եւ վերադառնալու է իր հայրենի երկիր: Նույնիսկ եթե ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մեկ այլ անձ, դիմողը, այնուհանդերձ, պետք է փաստարկի, որ կան այնպիսի ազդեցիկ գործոններ, որոնք իրեն ետ կբերեն հայրենի երկիր ԱՄՆ-ում կարճ ժամանակ մնալուց հետո:
ԱՄՆ դեսպանատուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՄՆ այնպիսի խիստ միգրացիոն ընթացակարգ ունեցող երկրներից մեկն է, որտեղ հայտնվելու համար մի շարք խոչընդոտներ պետք է հաղթահարել: Իսկ այնտեղ հայտնվելուց հետո էլ դեռ հարց է, արդյո՞ք այդ երկիրը կընդունի, թե ոչ: Հետեւաբար` մինչ մեկնելու որոշում կայացնելը հարկ է մանրակրկիտ կերպով հաշվարկել բոլոր սպասվող խոչընդոտներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:
ՀԱՐՑ. Ունեմ 1 հարկանի տուն: Ընտանեկան պայմաններից ելնելով՝ ցանկանում եմ նոր հարկաբաժին կառուցել: Ուզում եմ իմանալ՝ ու՞մ կարող եմ դիմել, որքա՞ն գումար պետք է ծախսեմ պետական վճարումներ կատարելու համար եւ ի՞նչ հիմքով կարող են ինձ մերժել:
Քնար Մանուկյան (28 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 02.02.2002թ. թիվ 91 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանարապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության» կարգի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (uեփականատիրոջը կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձին) տալիu է համայնքի ղեկավարը, ուստի շինարարության թույլտվության, ինչպես նաեւ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման եւ դրանց տրամադրման վճարների համար անհրաժեշտ է դիմել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին:
ՀՀ անշարժ գույքին առընթեր կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տվյալ դեպքում քաղաքացին կարող է իրականացնել կառուցապատումներ՝ համայնքի ղեկավարի թույլտվությամբ, բայց թե ինչ կարգով եւ ինչ գումարի կամ վճարի դիմաց, այդպես էլ պարզ չի դառնում: