«Վանո Սիրադեղյանին ամեն ժամ ենք սպասում…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Գաբի Գալոյանը երկրպագուների համար անակնկալ է պատրաստում՝ փոփ ժանրի նոր երգի տեսքով, որի հիման վրա նկարահանվելիք տեսահալովակի պարային համարում ինքը եւս ներկայանալու է: Գաբին, ով միայնակ է իր քայլերն անում հայկական շոու-բիզնեսում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում պրոդյուսերական պրոֆեսիոնալ դպրոց չկա, ուստի ինքը խուսափում է դիմել որեւէ մասնագետի: Երգչուհին անդրադարձել է նաեւ մայրիկի հետ ունեցած ստեղծագործական վեճերին, խոսել է քեռուց՝ Վանո Սիրադեղյանից՝ նշելով, որ երբեւէ չի փորձել նրա անունը շահարկել:

-Գաբի՛, տեւական ժամանակ է՝ լռում եք: Հիմա ստեղծագործական դադարի մե՞ջ եք, թե՞ այս ընթացքում նոր երգ եք պատրաստում:

-Ո՛չ, դադարի մեջ չեմ, հիմա պատրաստում եմ երկրորդ տեսահոլովակս, որը նկարահանվելու է փոփ ժանրի ռիթմիկ, պարային երգի հիման վրա: Ինքս էլ ներկայանալու եմ պարային համարում, այնպես որ, հիմա զբաղված եմ պարապմունքներով:

-Դուք նշել եք, որ ժողովրդական երգը Ձեր տարերքն է: Այնուամենայնիվ, այն Ձեր երգացանկում, կարծես, չի գերակշռում…

-Ժողովրդական երաժշտությունը զիջել է փոփին այն երգերի դեպքում, որոնց հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Իսկ, օրինակ, մեր բենդը հանդիսատեսին ներկայանալու է ֆոլկ ժանրի շրջանականերում: Պարզապես ես ունեմ երկու տարբեր լսարաններ, մեկը պահանջում է ժողովրդական, մյուսը՝ կոմերցիոն գործեր, երկուսին էլ հնարավորություններիս սահմաններում բավարարում եմ: Իսկ փոփն իմ երգացանկում գերակշռող չի կարող դառնալ, քանի որ ժողովրդական երգն իմ արյան մեջ է, եւ ինչ էլ որ կատարենք, միեւնույնն է, բոլորս գալու ենք, հանգենք դրան:

-Բայց թվում է, որ Հայաստանում ժողովրդական երգը սիրող երգիչները մշտապես այդ արվեստի շրջանակներում մնալու եւ ստեղծագործելու հնարավորություն չունեն:

-Ցավում եմ, օրինակ, որ ժողովրդական երաժշտությունը մեր հեռուստաընկերությունների եթերում գերակշռողներից չէ: Այնուամենայնիվ, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում կա մի սերունդ, որը ժողովրդական արվեստ է պահանջում: Կուզենայի՝ գար մի ժամանակ, որ կոտրվեր կարծրատիպը, եւ բոլորս ժողովրդական երգերի պահանջարկ ձեւավորեինք:

-Գաբի՛, ինչո՞ւ եք խուսափում պրոդյուսեր ունենալուց, դաշտում միայնակ գործելը դժվար չէ՞:

-Չեմ ուզում թերագնահատել ոլորտի մասնագետներին, բայց իմ կարծիքով Հայաստանում պրոդյուսերական դպրոցը զարգացած չէ, այսինքն՝ այն մակարդակի վրա չէ, որ ես ուզենայի որեւէ պրոդյուսերի հետ աշխատել: Եթե այդ դպրոցը մեզ մոտ պրոֆեսիոնալ լիներ, եւ այն չաշխատեր խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքով, որը ես չեմ համարում կիրթ մոտեցում, գուցե դիմեի մասնագետի օգնությանը: Բայց հիմա ցանկություն չունեմ ձեւականորեն այդ քայլին դիմել:

-Գիտենք, որ Ձեր ծնողները եւս երաժիշտներ են: Ձեր հայրը՝ Սահակ Գալոյանը, Հայաստանում առաջին ազգագրական անսամբլի ղեկավարն էր, Ձեր մայրը եւս ժողովրդկան երգչուհի է… Նրա հետ ստեղծագործական վեճեր ունենո՞ւմ եք:

-Շատ եւ միշտ (ծիծաղում է): Ինքը կողմ է մաքուր, անաղարտ երգեցողությանը, իսկ ես իմպրովիզների, փոփոխությունների սիրահար եմ: Նախընտրում եմ երգի նորովի մատուցումը՝ չկորցնելով դրա հիմքը, մեղեդին, մայրիկիս համար, սակայն, դա անընդունելի է…

-Հետաքրքիր է, որ երբեւէ չեք շեշտել Ձեր քեռու՝ Վանո Սիրադեղյանի անունը: Դիտավորյա՞լ եք խուսափում դրանից:

-Իմաստ չեմ գտել դա անելու համար…Եթե նա այստեղ լիներ, իմ կարիերայում որեւէ բան չէր փոխվելու: Միշտ ինքս եմ արել ամեն բան, անգամ մայրիկիս թույլ չեմ տվել, որ ինձ օգնի…

-Ձեր քեռին էլ էր լավ երգում, ճի՞շտ է, փաստորեն, երգելու ձիրքը Ձեզ ընտանիքից է փոխանցվել…

-Այո՛, նա էլ էր լավ երգում, իմ բոլոր մորաքույրները, մորեղբայրները, պապիկս, տատիկս եւս օժտված են այդ շնորհով…

-Իսկ Վանո Սիրադեղյանին դեռ սպասո՞ւմ եք…

-Մենք նրան միշտ ենք սպասում, ամեն ժամ… Եվ կարոտում ենք…Անընդհատ, միշտ էլ սպասելու ենք…

gabi

Աննա Բաբաջանյան




Լրահոս