ԳՈՒՄԱՐԸ ԿԱ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ ՏԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր տարի որոշակի չափով գումար է փոխանցում Սեւանի քաղաքապետարան, որպեսզի կանաչապատում եւ ծառատունկ իրականացվի: Սակայն քաղաքը շարունակում է մնալ գորշ, եւ կանաչ տարածքները որեւէ կերպ չեն ավելանում:
Ի՞նչ ճակատագիր են ունենում այդ գումարները: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես իմ պարտականությունները մարդավարի կատարում եմ: Դիմե՛ք հիմնարկի հաշվապահին, նա էլ Ձեր հարցերին պատասխան կտա»:
««Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 14/38 որոշումով համայնքներին փոխանցում է փաստացի գանձված վարձավճարների 30 տոկոսը: Մեր տարածքում 33 համայնք է. ամեն մարդու իրեն հասանելիքի չափով փոխանցում ենք: Այդ վարձավճարները գանձվում են Սեւան համայնքի վարչական սահմանում գտնվող վարձակալներից: Սեւանա լճի ափերի այդ հողերը պետական սեփականություն են, բայց մեր հաշվեկշռում են գրանցված»,-տեղեկացրեց ՊՈԱԿ-ի հաշվապահ Ժորա Ղարիբյանը:
Նրա պարզաբանմամբ՝ գանձված վարձավճարներից Սեւանի քաղաքապետարանին 2012-ի սկզբից մինչ օրս փոխանցվել է 8 մլն դրամ. «Հիմա՝ այս պահի դրությամբ, այդքան գումարը վճարել ենք Սեւանի քաղաքապետարանին: Իսկ թե ինչ նպատակով են օգտագործում այդ գումարները, չեմ կարող ասել»: Հավելենք, որ 2011-ի տվյալներով՝ Սեւանի քաղաքապետարանին փոխանցվել է մոտավորապես 12.5 մլն դրամ:
Իսկ որտե՞ղ են ծախսվում այդ գումարները, ինչո՞ւ արդյունք չկա: Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Սեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պատասխանատու Էդիկ Ղազարյանի հետ: «Բյուջեն իր սովորական եկամուտների նման ծախսում է: Նպատակային բան չկա: Կարող է ե՛ւ բարեկարգման համար ծառայի, ե՛ւ աշխատավարձի: Մի խոսքով, ամեն ինչի համար է: Իսկ կանաչապատման եւ ծառատունկի համար առանձնացված բան չկա: Դրանց համար բյուջեով ամեն տարի նախատեսվում է գումարի որոշակի չափ, եւ դրանով իրականացվում է կանաչապատումը»,-հայտնեց Է. Ղազարյանը:
Այսպիսով՝ Սեւանի քաղաքապետարանը պնդում է, որ իրենք «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից գումար են ստանում ոչ թե հատուկ կանաչապատման համար, այլ «սովորականի նման»: Իսկ կանաչապատման համար այլ, «որոշակի չափի» գումար է հատկացվում քաղաքապետարանին: Երկու դեպքում էլ ստացվում է, որ քաղաքը պետք է կանաչապատ ու բարեկարգ լինի, քանի որ գումար ստանում է, սակայն արդյունքը որեւէ կերպ չի երեւում: Ու այսպիսին է պատկերը Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս