Հայ հայտնիները՝ ընդդեմ «ֆեյք»-երի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգանալուն ու սոցցանցերի ընձեռած հնարավորությունների ընդլայնվելուն զուգընթաց ավելանում է դրանց օգտատերերի թիվը: Համացանցի գրեթե անսահմանափակ հնարավորություններից օգտվելու առիթը բաց չեն թողնում նաեւ հայտնիները: Սակայն սոցցանցերում ակտիվ գործունեություն ծավալող հայտնիներից հետ չեն մնում նաեւ նրանց անունով ներկայացող կեղծ էջերն ու պրոֆիլները:

Ամենաշատ «կեղծված» աստղերից մեկը՝ Սիլվա Հակոբյանն, օրինակ, բազմիցս փորձել է մասնագետի օգնությամբ պայքարել ֆեյքերի դեմ. «Մենք այդ ուղղությամբ շատ ենք աշխատել, բայց կեղծ էջերը վերջնականապես փակելու գործընթացը շատ տանջալից է: Անգամ նամակներով դիմել ենք Ֆեյսբուքին, սակայն հասկացել ենք, որ դա երկարաձգվող պրոցես է»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:

silva hakobyan

Իսկ, ահա, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում տարածում ունեցող սոցցանցերից Ֆեյսբուքն, օրինակ, օգտատերերին ընձեռում է ֆեյքերի դեմ բողոքելու բավական արդյունավետ մեխանիզմ: «Եթե տվյալ աստղը սոցցանցում ունի իր պրոֆիլը կամ էջը, եւ երբ խնդիրն առնչվում է հայտնի մարդկանց անունն ու լուսանկարներն ապօրինի կերպով կիրառելու դեպքերին, Ֆեյսբուքը շատ արագ վերացնում է ֆեյքերին»,-մեզ հետ զրույցում հավաստիացրեց մասնագետը:

Երգչուհի Սոֆի Մխեյանը ևս բազմիցս հայտնվել է ֆեյքերի թիրախում: Նա էլ նամակով դիմել է Ֆեյսբուքին, եւ վերջինիս կողմից արագ արձագանք ստացել. «Ավելի վաղ նկատել եմ իմ անունով կեղծ էջերի, որտեղից սխալ, տհաճ ինֆորմացիա էր տարածվում: Ես, իհարկե, չեմ կարող վերահսկել բոլորին, բայց միանգամից սոցցանցի ադմինիստրացիային տեղեկացնում եմ այն ֆեյքերի մասին, որոնք խախտում են իմ իրավունքները, սոցցանցն էլ արագ շտկում է խնդիրը»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց երգչուհին:

sofi

Պարզվում է, սակայն, որ ոչ բոլոր օգտատերերը կարող են այս խնդրով բողոք հղել Ֆեյսբուքին: «Դրա համար հայտնի անձն ինքը Ֆեյսբուքում պետք է ակտիվ ներկայացված լինի: Եթե ֆեյքը նրանից շուտ գրանցված, ընկերների լայն շրջանակ ձեռք բերած լինի, այդ պարագայում Ֆեյսբուքին դժվար կլինի ապացուցել, որ ինքն է իրական օգտատերը: Նման դեպքերում կարող է օգտակար լինել անձնական կայք ունենալը: Եթե դրա վրա իրական պրոֆիլ տանող հղում լինի, սոցցանցի ադմինիստրացիան, միանշանակ, ճիշտ կկողմնորոշվի»,-բացատրեց Ս. Մարտիրոսյանը:

samvel martirosyan

Աննա Բաբաջանյան




Լրահոս