ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոյեմբերյանի անձնագրային խմբի գրասենյակի առաջ հերթերը շարունակվում են: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Նոյեմբերյանի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Հայկ Մամյանն ասաց, որ անձնագրերի փոխանակման, նոր անձնագրերի ստացման գործընթացը նախկինի համեմատ փոքր-ինչ բարելավվել է, ինքն օրերս Երեւանից անձնագրերի նոր խմբաքանակ է ստացել: Ըստ օրենքի` անձնագիրը քանի՞ օրում պետք է տրվի քաղաքացուն: Այս հարցին ի պատասխան՝ Հ. Մամյանն ասաց` 7 օրում: Նշենք, սակայն, որ ըստ օրենքի՝ քաղաքացին պետք է անձնագիր ստանա 5 օրվա ընթացքում: Մինչդեռ ՀՀ քաղաքացին անձնագիր ստանալու համար շուրջ մեկ ամիս սպասում է: Հ. Մամյանը հայտնեց, որ իրավիճակն իրենցից կախված չէ, անձնագրերի տրամադրման ձգձգումների մասին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները հեռուստատեսությամբ պարզաբանումներ են տվել: Հ. Մամյանը մեզ վստահեցրել էր, որ անցած շաբաթվա երկրորդ կեսին անձնագրերի տպագրության գործը կկարգավորվի: Սակայն չկարգավորվեց: Հերթական անգամ Հայաստանի քաղաքացիները տուժեցին, անձնագրերի բացակայության պատճառով նրանց նախատեսած գործերը ձախողվում կամ, լավագույն դեպքում, հետաձգվում են, քայքայվում են մարդկանց նյարդերը: Իսկ ստեղծված վատթար իրավիճակի համար սովորականի պես պատասխան տվող պաշտոնյա չկա: Զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացիներն անմռունչ տանում են անձնագրեր ստանալու հարցում նման նվաստացումները եւ իրենց իրավունքները պաշտպանելու, բողոքելու համար փողոց դուրս չեն գալիս:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս