«Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, պատգամավոր Ռուբեն Գևորգյանն այսօր ելույթ ունեցավ ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին: Նա նշեց, որ բարձրացված ժողովրդական ալիքի բուն պատճառը երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու սեփական ժողովրդի ոտնահարված արժանապատվությունն է, որը իրենից բխող բոլոր հետևանքներով երկրի ճակատագիրը դրել է հարցականի տակ:
«Հատկանշական են` երկրում կործանարար բնույթ կրող արտագաղթը և ծավալված ժողովրդական շարժման ալիքը, որոնք էլ փաստում են ժողովրդի և իշխանության միջև գոյություն ունեցող տարանջատված կապի խորությունը: Ժխտելի չէ, որ երկրում տիրող այս իրավիճակի գլխավոր պատճառը ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով անընդմեջ ձևավորված երկրի վարիչ մեքենան է: Այսինքն` պատերազմում հաղթանակած մեր երկրում, ժողովրդին ներկայացվող կառավարիչների գերակշռող մասը նախապես չեն անցել հայրենիքի և ժողովրդի առաջ պատասխանատվություն ունենալու փորձությունը, այսինքն` չեն եղել վերագտնված մարտիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարտիկ, որոնք լավ կիմանային մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռքբերված մեր անկախ պետականության արժեքը»,- նշեց Գևորգյանը:
Նրա խոսքերով, իշխանությունն ամենուրեք խոսում է ժողովրդի անունից` օգտագործելով նրա անցած պատմությունը: «Ցավալին այն է, որ հերոսապատում կերտած մեր ժողովրդի մեծամասնությունը վաղուց արդեն օրվա հացի որոնումների մղձավանջում տարբեր գաղթօջախներում է հայտնվել, որոնց շարքում են նաև զոհված և պատերազմից հրաշքով կենդանի վերադարձած մեր եղբայրների ընտանիքներից շատերը: Առավել սարսափելին այն է, որ երկրի իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ»,- իր ելույթը եզրափակեց Ռուբեն Գևորգյանը: