Գագիկ Մելիքյանը՝ իր դեմ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացրած հայցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ: Հաղորդագրության համաձայն, պատճառն այն է, որ փետրվարի 3-ին Գ. Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ «Հիմնադիր խորհրդարանի» և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին:

Հայցի հետ կապված Գագիկ Մելիքյանի դիրքորոշումն իմանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց նրա հետ, և պարզվեց, որ այս մասին ՀՀԿ խմբակցության քարտուղարը դեռևս տեղյակ չէ, ապա նշեց.

«Լավ են արել, որ դիմել են: Երևի այդ երկրների հատուկ ծառայություններից հիմնավոր փաստաթուղթ ունեն, որ այդ գումարները չեն ստացել»:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Գագիկ Մելիքյանն ասել էր, թե Բերձորում Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների հետ «ինչ արել են, լավ են արել»: «Կարծում եմ՝ իրենք սխալվել են՝ այդ երթը ցանկանալով անցկացնել Արցախում։ Իրենք այդ երթը պիտի անցկացնեին կա՛մ Ադրբեջանում, կա՛մ Թուրքիայում, և 100 %-ով համոզված եմ՝ նրանց երթը կողջունվեր այդ երկու երկրների կողմից»,- հավելել է Գագիկ Մելիքյանը:

Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Գագիկ Մելիքյանը համոզմունք է հայտնել, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: «Հիմնադիր խորհրդարանը» և ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ. Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով»:




Լրահոս