Արդեն երեք ամիս է՝ Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցով կոյուղաջրեր են հոսում: Բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ առավոտյան եւ երեկոյան, երբ բնակելի շենքերին մի քանի ժամով խմելու ջուր է տրվում, այդ փողոցով կոյուղաջրերի մեծ առու է հոսում: Անցյալ տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ Դպրոցականների փողոցն ասֆալտապատվել է, մեքենաներն այդ հատվածում արագ են երթեւեկում` կոյուղաջրերը ցայտեցնելով անցորդների վրա: Կոյուղաջրերը փողոց են լցվում Նոյեմբերյանի հիմնական դպրոցի պատի տակից: Այդ դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանն ասաց, որ 2004թ., երբ ինքը ստանձնել է կրթօջախի տնօրինությունը, կոյուղաջրերի խնդիրն առկա էր: Նաեւ նշեց, որ այդ ժամանակ կոյուղաջրերը հոսում էին իրենց դպրոցի բակով, իրենք առվով դրանք հեռացրել են դպրոցական տարածքի եզրը: Նրա խոսքերով` Դպրոցականների փողոցի թիվ 44 բազմաբնակարան շենքի կոյուղագծում 4 մ խորությամբ խցանում կա: Երբ շենքին խմելու ջուր է մատակարարվում, կոյուղաջրերը հոսում են դիտահորերը, դրանք լցվում են, եւ կոյուղաջրերի արտահոսք է լինում: «Հայջրմուղկոյուղու» «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրինությունը տեղյակ է խնդրին, քաղաքի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն խնդիրը չի լուծվում: Նոյեմբերյան քաղաքի երկու կրթօջախների` ավագ եւ հիմնական դպրոցների առաջ պետք է վարդեր բուրեին, սակայն տիրում է հասարակական զուգարանի խեղդող հոտը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ