ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՄԵԾ ՀԵՐԹԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին՝ կեսօրին, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում հերթեր էին: Նույն օրը՝ երեկոյան, արդեն վրացական տարածքում՝ Սադախլոյի անցակետում, Հայաստան մտնող մեքենաներն էին երկար հերթի կանգնել: Հաջորդ օրը՝ ժամը 12-ից մինչեւ 14:30-ի սահմանները, Հայաստան մտնող մեքենաները վրացական մաքսակետի առաջ խցանում էին գոյացրել: Հերթերի գոյացման պատճառները մի քանիսն են: Սկսվել է հանգստի, արձակուրդների սեզոնը, հայաստանցիներից շատերը գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանի լողափերում: Այնտեղ կեցության եւ սպասարկման գներն ավելի մատչելի են, քան Սեւանի ափի հանգստյան տներում: Բագրատաշենի անցակետի հնարավորությունները, մարդկանց եւ մեքենաների թողունակության պայմանները սուղ են: Այստեղ ներկայում ընթանում են անցակետի հիմնանորոգման աշխատանքներ:
Բագրատաշենի անցակետում հերթի կանգնողների մեջ որոշակի թիվ են կազմում նաեւ Հայաստանից արտագաղթողները: Հուլիսի 21-ի երեկոյան Բագրատաշենի անցակետում մեքենաների շարասյան մեջ մեծ ավտոբուսներ կային: «Վրաստան հանգստանալո՞ւ են մեկնում»,-հարցրի սահմանապահ հայ զինվորին: «Չէ՛, ընտանիքներով հեռանում են Հայաստանից»,-տխուր պատասխանեց սահմանապահը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս