ՊԱՐՏՎԱԾ ԿՀԱՄԱՐԵՄ ԻՆՁ, ԵԹԵ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, պրոդյուսեր, սցենարիստ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի հետ զրուցեցինք «Ես եմ» ֆիլմի ու նաեւ այսօրվա ամենամեծ  խնդիրներից մեկի` արտագաղթի մասին:
-Քանի որ «Ես եմ» ֆիլմի սցենարի հեղինակն եք, պրոդյուսերը ու նաեւ կոմպոզիտորը, կասե՞ք՝ ինչպես դասավորվեց ֆիլմի ճակատագիրը:
-Ցուցադրվեց էկրանին, հեռուստատեսությամբ, վերջերս էլ մասնակցեց «Ոսկե ծիրան»-ին: Հիմա էլ մեր ծրագրերում այլ բան կա, ուզում ենք թարգմանել ֆիլմը անգլերեն եւ ռուսերեն, որպեսզի այն սերունդը, որ հայերեն չի հասկանում, բայց հայ է, դիտի ֆիլմը: Ճիշտն ասած, նաեւ ֆինանսի հետ է կապված: Եթե մարդիկ կլինեն, որ կօգնեն, կարեւոր ենք համարում թարգմանությունը:
-Եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարությունն էր հովանավորել ֆիլմը, չե՞ն ուզում այս անգամ էլ օգնել:
-Դե մենք դեռ չենք դիմել այդ հարցով:
-Ո՞րն է ֆիլմի հիմնական  գաղափարը:
-Հայրենիքի, պետական սահմանի կարեւորության գիտակցումը ու նաեւ այսօրվա ամենակարեւոր խնդիրներից մեկի առաջ քաշելը` սահմանամերձ շրջանների դատարկվելը: Ֆիլմը նվիրված էր անկախության 20-ամյակին, բնականաբար, փորձել ենք նաեւ սպա-զինվոր հարաբերություններին ուշադրություն դարձնել:
-Նշեցիք, որ սահմանամերձ գոտիներից բնակիչները հեռանում են: Բայց ոչ միայն այդ տարածքներից են հեռանում, այլեւ քաղաքներից:
-Դա շատ բարդ խնդիր է ու բոլորիս մեծ հարցն է: Այդ երեւույթը քաղաքական առումով շահարկումների թեմա է դառնում: Արտագաղթը մեր խնդիրների արտացոլումն է: Մեր հարեւան հակառակորդ պետություններն էլ ուրախանում են դրանից: Ես նաեւ հետեւում եմ իրենց լրատվամիջոցներին: Քանի որ ես տնտեսագետ չեմ, չեմ կարող հարցի տնտեսական լուծման կողմն ասել: Գիտեմ, որ մշակույթը, արվեստը միանշանակ որոշիչ ու օգնող դեր կարող են ունենալ այդ հարցում: Փաստ է, որ մարդիկ գնում են, գոնե պետք է փորձել արվեստով ու մշակույթով կապել էս հողի հետ:
Անցյալ դարի սկզբին էլի հայերը ցրվեցին ամբողջ աշխարհով, ու 50 տարի հետո Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում այդ ընտանիքները դարձան լուրջ ընտանիքներ, ինտեգրվեցին, այդ հասարակության մաս կազմեցին: Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք: Իհարկե, արտագաղթը բարիք չէ, բայց իմ հույսն այն է, որ գնացած հայերը գոնե կարողանան կայանալ ու այսօրվա սփյուռքի նման նպաստել ՀՀ գոյությանը: Բայց ինչ խոսք, սա իսկապես մտահոգիչ խնդիր է, ու շատ վտանգավոր է, երբ գնում են ցանկացած ոլորտի մասնագետները: Ես ծրագրեր եմ մտածել, որ իմ դերասանների համար ինչ-որ կերպ զբաղվածության խնդիր լուծեմ, որ նրանք չգնան այստեղից:
-Երիտասարդ ընտանիքներն ամենից շատ են հեռանում: Դուք էլ երիտասարդ եք, Ձեր մտքով նման  բան չի՞ անցնում:
-Ինչպես ես եմ կատակում, թող ծափ տան նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ երազում տեսել են, որ այլ երկիր են գնացել: ԱՄՆ-ում, Ռուսաստանում եղել եմ, բայց ապրելու նպատակով չեմ ուզենա գնալ: Հիմա շատերը կարող է չհասկանան կամ մտածեն՝ հայրենասիրական բաներից ելնելով եմ ասում, բայց ես շատ կուզենամ, որ երեխաս ապրի Հայաստանում՝ չնայած թող կրթություն ստանա դրսում: Չեմ ուզում մտածել հեռանալու մասին, պայքարում եմ, որ մնամ: Պարտված կհամարեմ ինձ, եթե որոշեմ գնալ այստեղից: Թող ներեն ինձ բոլոր այն մարդիկ, որոնք դրսում են:
-Կարելի է ենթադրել, որ Դուք Ձեր ապրուստից գոհ եք, դրա համար էլ չեք մտածում հեռանալու մասին:
-Սխալ եք կարծում:
-Դժգոհ եք ու մնո՞ւմ եք:
-Հա, չի՞ կարա լինի: Եթե այն ամենը, ինչով ես զբաղվում եմ այստեղ, անեի դրսում, կստանայի 100, նույնիսկ 1000 անգամ ավելի շատ: Բայց սա իմ հայրենիքն է, ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ:
-Այն նույն աշխատանքը, ինչ այստեղ եք անում:
-Եթե գնամ Հոլիվուդ, ու երկու կինո տան՝ նկարեմ, մեկն էլ կլինի «Մուսա լեռ»-ը, գնամ, բայց եթե գնալու եմ ու առեւտուր անեմ…
Այսօր այստեղ քիչ թե շատ ինչ-որ բան արել եմ, շենք եմ կառուցել, հիմք եմ գցել,  աշխատանք եմ արել, ո՞նց կիսատ թողնեմ, գնամ: Սովորաբար ուզում են գնալ նաեւ այն մարդիկ, ում մոտ չի ստացվել:
Բայց նրանց պետք է որեւէ ձեւ կապել հայրենիքին, պետք է լինի պետական լուրջ քաղաքականություն այդ ուղղությամբ: Այսօրվա հիասթափված, հուսալքված մարդկանց պետք է բացատրել, որ այդ ամենը հայրենիքի, դրոշի, գերբի կամ 30.000 քառակուսի կիլոմետր տարածքի հետ կապված չէ, այլ կապված է այսօրվա իրավիճակի հետ: Լավ չէ, երբ նրանք բացասական լիցքերով են գնում:
Ես հետաքրքրվում եմ այս հարցով ու երբ դրսում եմ լինում, զրուցում եմ այնտեղի հայերի հետ, հասկանում, թե ինչի են գնացել: Ամեն մեկն իր պատճառներն ունի: Հաճախ հանդիպել եմ մարդկանց, որոնք բացասական են արձագանքում հայրենիքին, ու երկու բառ հետները խոսելուց հետո հասկացել եմ՝ ինքը ով է, մի տեղ էլ ուրախացել, որ գնացել է: Բայց կան նաեւ այնպիսիները, որ ուզում են վերադառնալ ու չեն կարող: Ջահել տղերք են, բանակի խնդիր ունեն, հազար ու մի պրոբլեմ կա: Ինչեւէ, մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Պետք է դա միշտ հիշել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս